Երեկ կառավարության նիստից հետո Սերգո Կարապետյանը, ինչպես և սպասվում էր, սկսեց խոսել: Մի քանի թվեր մեջբերելով, համեմատություններ անելով, 8,1 տոկոս աճ արձանագրելով հասավ ցորենին: Ամենաուշագրավն այն էր, որ ի տարբերություն աշնան և գարնան, այս անգամ Էլիտար սերմացու արտահայտությունը չարտասանեց, այն փոխարինեց առաջին վերարտադրության ցորենի սերմացուով:
Գյուղնախարարը ցորենի հասունացման շրջանում միտումնավոր լռեց, մինչև էլիտար սերմացուի «իրեղեն ապացույցները» կորան, և բերքահավաքից հետո գյուղատնտեսության արձանագրած աճի համատեքստում ցորենի անորակ սերմերն էլ «սղղացրեց», համարելով գործարքն ավարտված՝ հանգիստ շունչ քաշեց:
Լրագրողների հարցին պատասխանելով, գուղնախարարը նշեց, որ գյուղացին պայմանագիր է կնքել մարզպետարանի և գյուղապետարանի հետ, պայմանագրում բացակայում են ֆորս-մաժորային դրույթները, և գյուղացիները պարտավոր են պայմանագրին համահունչ կրկնակին վերադարձնել: Իսկ այն մասին, որ սերմացուի փոխարեն գյուղացիներին պարզապես անասնակեր է մատակարարվել, գերադասեց շրջանցել, հղում անելով եղանակային անբարենպաստ պայմաններին:
Ըստ մասնագետների, 2011 թ. աշնանացան ցորենի մշակության համար ավելի քան նպաստավոր եղանակային պայմաններ են եղել, ինչը ապացուցում է այլ սորտի ցորենի սերմացուի արձանագրած բարձր բերքատվությունը:
Ըստ այդմ, կարելի է արձանագրել, որ պետական մակարդակով ռեկետի ենթարկվեցին գյուղացիական տնտեսությունները, և գյուղատնտեսությանը հասցվեց միլիարդավոր դրամի վնաս, վտանգի տակ դնելով պետական անվտանգությունը:
