Այս գիշեր` ժսմը 4-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Հրազդանի նախկին ծննդատան շենքում: Ինչպես հայտնեց Կոտայքի մարզային հրդեհային տեսչությունը, հրդեհը մարվել է Հրազդանի հրշեջ ծառայության աշխատակիցների կողմից: Հրդեհի արդյունքում ամբողջովին այրվել է ծննդատան երկրորդ հարկը: Ծննդատան առաջին հարկի տարածքում գտնվող տարեցները, ովքեր, ի դեպ, այդտեղ իրենց ցերեկային ժամանցն են ապահովում, պատմում են, որ հրդեհը շատ հնարավոր է բռնկված լինի մուրացկան-թափառաշրջիկների կողմից, ովքեր հաճախ գիշերներն անց են կացնում այդտեղ, սակայն պաշտոնական վարկած դեռևս չկա: Ի դեպ, հայտնի չէ, թե ով է ծննդատան շենքի սեփականատերը: Տարեցներն ասում են, որ շենքը նույնիսկ պահակ չունի, այլապես նման բան չէր լինի: Հրդեհի արդյունքում այրվել է շուրջ 20 քառակուսի մետր տարածք, վնասի չափը ճշտվում է: Այս պահին Կոտայքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության աշխատակիցների կողմից ուսումնասիրություններ են կատարվում:
Ի դեպ, Հրազդանի նախկին ծննդատունը խորհրդային տարիներից ի վեր գործում էր այդ տեղում և միայն 2-2,5 տարի առաջ Հրազդանի բժշկական կենտրոնի վերանորոգումից հետո ծննդատունը տեղափոխվեց բժշկական կենտրոնի տարածք, իսկ նախկին ծննդատունը մնաց բարձիթողի վիճակում:
