Գյուղը բարգավաճում է առանց գյուղատնտեսության

  • Հանրային թղթակից - Հինգշաբթի, 28 Հունիսի 2012, 10:37

Լեհվազը Մեղրիում միակ գյուղն է, որի բնակչությունը տարեցտարի ավելանում է: Այստեղ համեմատած մյուս գյուղերի, մարդիկ ավելի բարեկեցիկ են ապրում: Միայն վերջին մեկ տարում 545 բնակիչ ունեցող Լեհվազում ինը ընտանիք նոր ավտոմեքենա է գնել:

Գյուղապետ Սասուն Զաքարյանի խոսքով, սոցիալապես անապահով ընտանիքներ էլ կան, սակայն մեծ մասը լավ են ապրում: Լեհվազցիների բարեկեցությունն ամենեւին էլ պայմանավորված չէ զարգացած գյուղատնտեսությամբ: Բավական է նշել, որ Լեհվազում

սեփականաշնորհված հողերի միայն 20 տոկոսն է մշակվում:

Գյուղացիների մեծ մասն աշխատում է գյուղից դուրս` Լիճքվազ-Թեյի ոսկու կորզման արտադրամասում, Ագարակի կոմբինատում, զորամասում, Մեղրիի մաքսակետում: “Հող մշակելը, անասուն պահելն այսօր շատ ծանր գործ է, առավել դժվար է ստացված կաթնամթերիք ու բերքի իրացումը: Դրա համար էլ գյուղատնտեսությամբ չենք զբաղվում”, - ասում են գյուղացիները:

Նրանք, մոռացած Լեհվազի բերրի վարելահողերի ու ալպյան արոտավայրերի մասին, աշխատում են քաղաքացու պես ու հասցնում մշակել միայն տնամերձ այգիներն ու բանջարանոցները, պահել մեկ կամ երկու գլուխ անասուն: Ու այսպես Լեհվազն աստիճանաբար գյուղից վերածվում է քաղաքի:

“Վերջին տարիներին մեր գյուղում էնքան գործ է արվել, ինչը չի արվել Խորհրդային Միության 70 տարիների ընթացքում”, - ասում է գյուղապետը եւ հավելում, որ կառուցվել է նոր դպրոցական շենք, ամբուլատորիա, անցկացվել են խմելու եւ ոռոգման ջրի ներքին ցանցերը:

Գյուղում երկու տարի առաջ բացվել է նաեւ ինտերնետային կենտրոն` ժամանակակից համակարգչային տեխնիկայով հագեցած: Այստեղ հաճախորդների կարիք երբեք չի զգացվում: Իսկ օրերս էլ Լեհվազում շահագործման է հանձնվել առաջին սրճարանը, որի այցելուները հիմնականում գյուղի երիտասարդներն ու հյուրերն են:

“Նորոգում ենք գյուղի մանկապարտեզը, ուր հաճախում է 25 երեխա: Նոր ուսումնական տարվանից սաների թիվը կավելանա: Ունենք ներհամայնքային ճանապարհների նորոգման խնդիր”, - ասում է գյուղապետը:

Նրա կարծիքով, երբ Լեհվազում առաջիկայում լիարժեք գործի գյուղի վարչական տարածքում գտնվող Լիճքվազ-Թեյի ոսկու կորզման արտադրամասը, աշխատանքի կընդունվեն ավելի մեծ թվով լեհվազցիներ, գյուղատնտեսությունը կդառնա սիրողական զբաղմունք, եւ գյուղը կբարգավաճի առանց գյուղատնտեսության:

Ամենաընթերցվածը