Հրազդանի կադաստրը վերածվել է մարզային ստորաբաժանման

    • Հանրային թղթակից - Չորեքշաբթի, 27 Հունիսի 2012, 17:56

ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Հրազդանի տարածքային կենտրոնը վերածվել է Կոտայքի մարզային ստորաբաժանման, իսկ Չարենցավանի, Եղվարդի, Աբովյանի կենտրոնները վերածվել են սպասարկման գրասենյակների: Ինչպես տեղեկացրեց Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավար Դերենիկ Գևորգյանը, 2012թ-ին կադաստրի ոլորտում սպասվում են մի շարք բարեփոխումներ, ինչը կսահմանափակի քաղաքացիների և համակարգում աշխատողների շփումները, որն էլ կկասեցնի կոռուպցիան:

«Սպասարկման կենտրոններից ցանկացած անձ` անկախ գույքը գտնվելու վայրից, կարող է դիմել և ստանալ իրեն համապատասխան դիմումի պատասխանը`օտարման, գրավի և ցանկացած տիպի գործառույթների հետ կապված: Եթե առաջին անգամ չափագրման աշխատանքներ կատարվել են, երկրորդ անգամ չի կատարավում և ոչ մի գումար չի գանձվում»,- նշեց Դերենիկ Գևորգյանը:

Նա նաև նշեց, որ բարեփոխումներից մեկն էլ այն է, որ սեփականաշնորհման վկայագրերի հետ միասին չի տրվելու սեփականության նախագիծ, որակավորում ստացած անձանց կողմից չափագրման աշխատանքներ կատարելու ժամանակ տվյալ չափագրումներն ուղարկվում են մարզային ստորաբաժանում և անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել քաղաքացուն: