90 ընտանիք սողանքի գոտում

    • Հանրային թղթակից - Չորեքշաբթի, 27 Հունիսի 2012, 10:14

Դեռեւս ամիսներ առաջ գրել էինք Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մասին, որտեղ մոտ 90 ընտանիք ապրում է սողանքային գոտում, վտանգելով կյանքը: Օրեցօր մեծանում է թաղամասի փլուզման հավանականությունը:

Երեկ բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ օրերս նոր ցնցում է գրանցվել, որի հետեւանքով լայնացել են հողի ճաքերը: Էլեկտրասյուները թեքվել են, բարձրավոլտ հոսանքի լարերը` ձգվել: Համապատասխան մասնագետները ստիպված են եղել լարերը սյուների միջեւ ավելի երկարացնել, որ չկտրվեն:

Մոտ 9 հա մակերեսով սողանքային գոտու խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է: Իբր թե: Գետահովիտի գյուղապետի` վարչապետին ուղարկած նամակին ի պատասխան, Տիգրան Սարգսյանը հորդորել է երկու-երեք տարի էլ սպասել:

Հիշեցնենք, որ Հին գերեզմանատան թաղամասի տները սողանքային գոտում են հայտնվել դեռեւս մի քանի տարի առաջ: Այս թաղամասով քայլելիս պետք է շատ զգույշ լինել, որպեսզի պատահաբար վայր չընկնել գետնի միջի պատռվածքը: Եթե վտանգը ահազանգով այնտեղ մեկնած լրագրողներիս սպառնում էր միայն փողոցում, ապա որոշ ընտանիքներ անգամ սեփական տանը հանգիստ չեն կարող ապրել` ամեն վայրկյան վախենալով, որ տունը կարող է հանկարծ փլվել: 1988թ. երկրաշարժից հետո Գետահովիտում երեւան եկան սողանքային երեւույթներ: Չորս տարի առաջ ճապոնացի մասնագետներն այս թաղամասում ուսումնասիրություններ են կատարել ու այն որակել սողանքի գոտի:

Սպարտակ Ուլիխանյանն իր ընտանիքի հետ միասին նույնպես այստեղ է բնակվում: Պետությունը նրան միայն բնակարանի ամրացման համար հատկացրել է մոտ 400 դոլար: Սակայն դա հարցը չի լուծել: Ամրացման աշխատանքներից հետո էլ նույն հատվածը կրկին սկսել է հոսել: Բնակարանում չկա եւ ոչ մի սենյակ, որի պատերին ճեղքեր չլինեն, իսկ պատշգամբ դուրս գալն էլ բավական վտանգավոր է տան անդամների համար` ամեն վայրկյան կարող է քանդվել: Նախկինում միայն մեկ սենյակն էր վնասված: Այդտեղից տեղափոխվեցին մյուսը, ուր հիմա նույն վիճակն է: Ուլիխանյաններն ասում են, որ մեկ այլ բնակարան տեղափոխվելու գումար չունեն, իսկ պետության կողմից օգնություն այդպես էլ չկա: