Գյումրեցի անհատ տաքսի մեքենաների վարորդներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք բողոքում են կառավարության ավելի վաղ ընդունած որոշման դեմ: Ըստ այդ որոշման, վարորդներին պարտավորեցվել է սպիտակ պետհամարանիշները փոխարինել դեղիններով, վճարել հաստատագրված 20 հազար դրամ գումար, յուրաքանչյուր ամիս, անկախ այն հանգամանքից աշխատել են, թե ոչ:
Վարորդները նշում են,որ կառավարության այդ որոշումը բխում է որոշ մարդկանց շահերից, անհատ քաղաքացիների հաշվին ցանկանում են լցնել պետբյուջեն: «Օրվա աշխատանքը, որ պիտի հաց առնինք տանենք մեր տները, ձեռներիցս կառնին, ուրիշ բան չեմ կրնա ասել», «Հնարավոր չէ, մենք չենք կրնա սպես ապրինք, ինչ կառավարություն, ինչ նախագահ, մենք արդեն զզվել ենք, քնին գելնին որոշում կընդունեն, է հետո՞»,- վրդովված նշում էին վարորդները:
«Բարելավել սոցիալ- տնտեսական վիճակը, կանխել արտագաղթը, երկրի վարչապետի, հանրապետության նախագահի այս հավաստիացումները միայն նախընտրական շրջանի համար են»,- մեզ հետ զրույցում նշեցին ակցիայի մասնակիցները:
Հավաքվածներին սակայն լսեցին միայն լրագրողները: Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները վարորդների իրազեկումներին լուրջ չէին մոտեցել: Շուրջ 2 ժամ անկացնելով քաղաքի Հաղթանակի պողոտա կոչվող տարածքում, վարորդները հեռացան, իրենց բողոքի ակցիան վաղը շարունակելու պայմանով:
