Վանաձորի այգիներն անբարեկարգ վիճակում են

    • Հանրային թղթակից - Երեքշաբթի, 19 Հունիսի 2012, 15:01

Լոռու մարզկենտրոն Վանաձորում կան գործող 3 մեծ այգիներ` Երկաթուղայինների, Սայաթ-Նովայի անվան և Քիմգործարանի այգիները, սակայն դրանք բոլորն անբարեկարգ վիճակում են: Այգիներում գրեթե բացակայում են նստարանները, եղածներն էլ մասամբ կոտրված են, չկան տեղադրված աղբամաններ, ավելին` հենց այգիներում հնարավոր են տեսնել աղբի կուտակումներ: Չկան նաեւ մանկական կարուսելներ կամ ատրակցիոններ: 

Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը, մեր թղթակցին փոխանցեց, որ արդեն բավականին աշխատանքներ են տարվում այգիները, իրոք, ժամանցի վայր դարձնելու ու բարեկարգելու համար. «Ամենամեծ խնդիրները Սայաթ-Նովայի անվան այգում են: Այս այգին ունի վարձակալ, որը բիզնես-ծրագիր էր ներկայացրել, սակայն բավականին ժամանակ է անցել ու նա իր առաջարկած պայմանները չի կատարել, ընդամենը 2 սրճարան է այդտեղ գործում, հիմա մենք դիմել ենք դատարան` պայմանագիրը չեղյալ համարելու հարցով: Դատարան դիմելուց հետո մասամբ նորոգվեցին այգու նստարանները, բայց էլի Սայաթ-Նովայի այգին մնում է անբարեկարգ»:

Խոսելով այգիներում բացակայող աղբամանների ու աղբի կուտակումների մասին՝ Տիգրան Պապանյանը նշեց, որ այգիներում աղբամաններ կան, այլ հարց է, որ մարդիկ դրանցից օգտվելու ձևը չգիտեն, ու բնակիչները սովոր են աղբը նետել հենց գետնին: