Երեխայի բուժման ծախսերը կհոգան

    • Հանրային թղթակից - Երեքշաբթի, 12 Հունիսի 2012, 20:16

Հունիսի 7-ին ՀՀ նախագահի նստավայրի առջև ինքնահրկիզման փորձ կատարած Մխիթար Ալումյանը, իր խոսքերով, դեռևս մայիսի 2-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախագահի Հրազդան կատարած այցի ժամանակ նամակ էր հանձնել երկրի նախագահին և զրույց ունեցել նրա հետ:

Տեսնելով, որ ոչ մի արձագանք չկա` հունիսի 7-ին Ալումյանը ինքնահրկիզման փորձ կատարելուց հետո, երեկ` հունիսի 11-ին հացադուլ էր հայտարարել, որին անմիջապես արձագանքել են նախագահի նստավայրից:

Ալումյանն այս քայլին գնացել է հանուն երեխայի, ով ոսկրային հիվանդության դեմ բուժվելով` հիմա էլ կուրացել է:

«Ինձ տարան նախագահի վերահսկողության ծառայության պետ պարոն Հովհաննես Հովսեփյանի մոտ, ով զանգեց պաշտպանության նախարարություն և խոստացան, որ այս շաբաթվա ընթացքում ինձ կկանչեն ծառայության, թղթերս մաքուր ա, ոստիկանությանը կարգադրեց, որ եթե մարդը ծառայել ա` հաշվել հավելավճարի չափը, և զանգեց Քանաքեռ- Զեյթունի 8-րդ, ասաց հիվանդանոց ` երեխայի բոլոր ծախսերը վերցնում ենք մեր վրա», - գոհունակությամբ պատմում է Մխիթար Ալումյանը:

Անդրադառնալով աշխատանքից և եկամտի միակ աղբյուրից զրկվելու նախապատմությանը` Ալումյանը մանրամասնեց. “Եթե ոստիկանի աշխատանքը տարեկան պետք ա 1800 ժամը չանցնի, մեզ աշխատեցնում էին 3000 ժամ արտաժամյա գումարի համար, ու չեն տվել էս վերջին ինը տարիներին, հավաքվել ա ահռելի գումար` 4,5 մլն.-6 մլն. դրամ ա կազմել”:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Ալումյանը ինքնակամ է աշխատանքից ազատման դիմում գրել, որի առնչությամբ հայտնեց, որ սեպտեմբերի 16-ին զեկուցագիր էր գրել արտաժամյա վճարների համար, որից հետո նրան մի քանի անգամ փորձել են տանել վարչություն` պարզաբանում տալու համար, սակայն նա չի գնացել:

«Սեպտեմբերի 27-ին ծառայության տեղ եկավ նախկին պետ Ս. Հարությունյանը, որին հեռացրել են այս պատմությունների հիման վրա (Խ. Ասատրյանին` վարչության նախկին պետին էլ են հեռացրել), ինձ տարավ վարչություն, երկու հոգու հետ վարչությունից` խաբելով թե Խ. Ասատրյանը` վարչության նախկին պետը, ասում ա թող գա, տղայի հարցին մի լուծում տանք, գուցե հնարավոր լինի իր արտաժամերի հաշվին, մի քանի տարի ա մնացել, ձևակերպենք, ուղարկենք թոշակի: Տարան ու վարչությունում լրիվ հակառակը տեղի ունեցավ: Ես չտեսա Խ. Ասատրյան, տեսա բռնի ուժ, տեսա վախ, շանտաժ, որ եթե էսքանից հետո բացատրություն չգրես, որ հրաժարվում ես քո քայլից, կհեռացնենք աշխատանքից: Ես էլ էդ ժամանակ մի քիչ կարճ մտածեցի, ասեցի դե գործ ա, էս անգործ պայմաններում չզրկվեմ էս աշխատանքից, բացատրություն գրեցի, բայց ճանապարհին, որ եկա էդ օրը ինձ չթողեցին, որ ես ծառայեմ, ուղարկեցին տուն: Հաջորդ օրը` ամսի 30-ին, առավոտյան, հաջորդ հերթափոխին, զեկուցագիրը ձեռս գնացի, պարոն Հարությունյանին ասեցի էսօր վերջին օրն ա` ծառայում եմ, զեկուցագիրս էլ էսա, որ ամիսը պիտի վերջացնեմ, ու վաղվանից ազատվում եմ աշխատանքիցի: Ու ըստ իմ զեկուցագրի ես տաս կետ էի նշել, որտեղ նախկին ղեկավարությանը մեղադրել էի կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման, ինձ ստիպողաբար բացատրություն գրելու համար, որտեղ նշել էի, որ ես հրաժարվում եմ իմ տված ցուցմունքներից: Նրանց միանգամից ձեռ տվեց այդ տարբերակը, որ ինձ ազատեն ծառայությունից, քանի որ, համոզված եմ, ամբողջ վաշտում 80 հոգի էինք ու մենակ ես էի էդ պահանջը ներկայացրել»:

Դեկտեմբեր ամսին պայմանագրային զինծառայության անցնելու ակնկալիքով` Ալումյանը բժշկական զննում է անցնում և փաստաթղթերը ուղարկում է զորամաս, որտեղից էլ մշտապես սին խոստումներ լսելով` հասկանում է, որ այդտեղ էլ գործը գլուխ չի գալիս: