Այս գիշեր, ժամը 04:00-ի սահմաններում գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզում, այս անգամ` մարզի Ջրաշեն համայնքում: Դեպքը, սակայն, նախորդներից տարբերվել է նրանով, որ գյուղ է մտել ոչ թե մեկ գայլ, այլ մի ամբողջ ոհմակ, բացի այդ, հասել են մինչև գյուղի կենտրոն:
Ջրաշենի համայնքապետ Վահան Ուռուսյանն ասում է, որ նախորդ տարի էլ է իրենց համայնքը բավականին տուժել գայլային հարձակումներից. 2011-ին այս համայնքում գայլերն ամբողջությամբ հոշոտել են ընդհանուր թվով 105 ոչխար:
Այս գիշեր գյուղ մտած գայլերը հասել են մինչև Ջրաշենի բնակիչ Սուրեն Հակոբյանի բակ, այնտեղ եղած 13 գառից ու 30 ոչխարից ամբողջությամբ հոշոտել են 11 ոչխար, ևս 4-ին` ծանր վնասել, ու ըստ տանտիրոջ, դժվար թե վիրավոր ոչխարներն ապրեն: 18 անձից բաղկացած Հակոբյանների ընտանիքը հուսով է, որ գոնե փոխհատուցում կստանան, քանի որ վնասը մոտ 1 միլիոն դրամ է կազմում. «6 անչափահաս էրեխա կա տանը, ոչ մեկս չենք աշխատում, ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, 18 հոգանոց մեր ընտանիքին պահողն էս ոչխարներն են, հիմա էսքանին կորցրեցինք, իսկ մեկ ոչխարի գինը 70 հազար դրամ է, նույնիսկ միսը պիտանի չէր, 15 ոչխարից 10-ին տարել թաղել ենք, գոնե գումարը փոխհատուցեն»,-ասաց տանտերը:
Նշենք, սակայն, որ նախորդ տարի գայլային հարձակումներից տուժած ջրաշենցի ընտանիքներին կառավարության ու գյուղնախարարության կողմից, ըստ համայնքի ղեկավարի, ոչ մի կոպեկ փոխհատուցում չի տրվել, ու այս տարի էլ իրենք հույս չունեն:
Հավելենք, որ Լոռու մարզում սա գայլերի հարձակման այս տարվա առաջին դեպքը չէ, սակայն առաջին անգամ է, որ բնակչի բակ են հասնում մի քանի գայլեր:
