Տավուշում կաթը խոզերին են տալիս

    • Հանրային թղթակից - Կիրակի, 03 Հունիսի 2012, 13:34

Տավուշի մարզի որոշ բնակավայրերի անասնապահությամբ զբաղվող գյուղացիներ այսօր, պարզվում է, կովի կաթը մթերելու փոխարեն որպես սնունդ տալիս են խոզերին: Նման քայլի դիմում են մի պարզ պատճառով` կաթի մթերման կետերի առաջարկած գինը բավական ցածր է: Եվ որպեսզի ապրանքն իզուր չկորչի, տալիս են անասուններին, որ գոնե նրանք չաղանան:

Թեև Տավուշի մարզում կան մի քանի մթերման կետեր և համապատասխան սառնարաններ, սակայն դրանք, կարելի է ասել, չեն գործում: Դրանցից մեկը տեղակայված է Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում, որն աշխատել է բավական կարճ` 2007-2009թթ.: Այդ տարիներին մթերված կաթը գնում էր «Աշտարակ կաթ» ընկերությունը`մեկ լիտրի դիմաց գյուղացուն վճարելով ընդամենը 100 դրամ: Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանի խոսքով, «Աշտարակ կաթի» մոտակա ընդունման կետը Ճամբարակում է, և հավաքված կաթն այնտեղ էին տանում: Որոշ ժամանակ անց 1 լիտր կաթն սկսեցին ընդունել 80 դրամով, ինչը պատճառ դարձավ, որ գյուղացիներն հրաժարվեն կաթի մթերումից:

«Պանիրը երբ թանկացավ, գյուղացիները պանիր էին պատրաստում ու տալիս խանութներին, մի քիչ հարմար էր, իսկ հիմա պանիրն էլ է էժանացել,- նշեց Արամ Նիգոյանը` հավելելով,- Կես լիտր «Ջերմուկը» 150 դրամ արժե, մեկ լիտր կաթը` 80-100»:

Կաթի մթերման մեկ այլ կետ կա Ազատամուտ համայնքում, որը 2011 թ. ընդամենը մի քանի ամիս գործեց: Կրկին «Աշտարակ կաթ» ընկերությունն էր ընդունում կաթը` այս անգամ 1 լիտրը 110 դրամով: Սկզբում վարորդը հատուկ մեքենայով Իջեւանի տարածաշրջանի մի քանի գյուղերից փոքր ծավալներով կաթ էր հավաքում: Այնուհետև դա էլ դադարեցրին: Պատճառն էլ այն էր, որ շատերի համար անասնապահությունը արդեն հեռանկարներ չի բերում` միայն տքնաջան աշխատանք և չնչին արդյունք:

Կաթ մթերելու համար նախատեսված ևս մեկ սառնարան կա նաև Վարագավան համայնքում: Գյուղապետ Սամվել Մանուչարյանը մեզ տեղեկացրեց, որ այն տեղադրվել է 5 տարի առաջ և համարյա չի օգտագործվել: Եվ արդեն տրամաբանական է, որ պատճառը կրկին «Աշտարակ կաթի» առաջարկած արժեքն է մեկ լիտր կաթի դիմաց` այն է 80-100 դրամ: «Այդ արժեքով ո՞վ կհանձնի»,- ասաց Վարագավանի գյուղապետն ու հայտնեց, որ շատ գյուղացիներ նախընտրում են կաթը տալ խոզերին, քան թե հանձնել մթերման: