Ձախողվեցին Հրազդանում անցկացվելիք հասարակական լսումները. Տեսանյութ

    • Հանրային թղթակից - Կիրակի, 03 Հունիսի 2012, 00:02

Մայիսի 30-ին Հրազդանում “Ալյումինա Քորփորեյշն” ՍՊԸ-ի կողմից կազմակերպված Թեժսարի նեֆելիտային սիենիտների հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումները ձախողվել են: Ինչպես նշում են «Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի ակտիվիստները, լսումները նախատեսված էին դեռևս մայիսի 3-ին:

Մայիսի 30-ին հայտարարված հասարակական լսումները չկայացան, որի համաձայն կազմվեց արձանագրություն առ այն, որ “Ալյումինա Քորփորեյշն” ՍՊԸ-ի միակ ներկայացուցիչը, ով ներկայացավ որպես ընկերության տնտեսվար, հայտարարեց, որ իրենց ղեկավարը բացակայում է հանրապետությունից, իսկ ինքը իրավասու չէ որևէ հարցի պատասխանելու: Մասնակիցները արձանագրելով, որ խախտվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ կետը, նշել են նաև, որ հանրային լսումների վայրի, ժամանակի ձևաչափի մասին պատշաճ տեղեկատվություն չի իրականացվել, և ձեռնարկող կազմակերպիչ համայնքները պաշտոնապես ներկայացված չեն եղել:

Արձանագրությունը ՀԿ-ների կարծիքի հետ կցված 30-օրյա ժամկետում պետք է ուղարկվի Բնապահպանության նախարարություն, որից հետո նախարարությունը կտա իր եզրակացությունը, իսկ հակառակ պարագայում լսումները կարող են համարվել կայացած: