Սարոյի երազանքներն անկատար մնացին

    • Հանրային թղթակից - Շաբաթ, 02 Հունիսի 2012, 18:06

Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում քար լռություն է: Թաղամասում հոծ բազմություն է հավաքվել: 19 ամյա Սարո Սամվելյանի հարազատները, ընկերնեն ու բարեկամները արցունքներն աչքերին սպասում են: Շուտով զինծառայողի մարմինը կտեղափոխվի Գյումրի:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ` հունիսի 1-ին ԼՂՀ ՊԲ Հադրութի զորամասում դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վնասվածքներից մահացել էր գյումրեցի 1993 թվականին ծնված Սարո Արտյոմի Սամվելյանը: Սպանված զինվորը սովորել է Գյումրու թիվ 2-րդ դպրոցում:

Ինչպես Lragir.am–ի թղթկացի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը, Սարոն եղել է հավասարակշռված, խելացի ու դաստիարակված տղա: «Ամբողջ դպրոցը սգում է նրա մահը, չգիտեմ ինչ բառեր գտնեմ նկարագրեմ Սարոյին, հազար ափսոս», նշեց Հովհաննես Պետրոսյանը:

Զրուցեցինք նաեւ Սարոյի հարեւանների եւ ընկերների հետ: «Շատ լավ տղա էր, սաղին հասնող, մեր թաղամասի պարծանքն էր Սարոն», նշեցին հարեւանները: Ընկերները Սարոյին վերջին անգամ տեսել էին 10 օր առաջ, երբ նա արձակուրդ էր եկել: Պատմեցին, որ Սարոն երբեւիցե չի դժգոհել ծառայությունից, նպատակ ուներ զորացրվելուց հետո շարունակել կրթությունը: Իսկ հարազատները նշեցին, որ անելու են անհնարինը իրենց որդու մահվան պատճառը բացահատելու համար: