Ստուգումներ Գյումրու շուկայում

    • Հանրային թղթակից - Ուրբաթ, 25 Մայիսի 2012, 18:21

Մի քանի օր է Գյումրու շուկայում ստուգումներ են իրականացվում: Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը ստուգումների նոր շարք է սկսել, մեկնարկը տալով հանրապետության երկրորդ քաղաքից:

Ծառայության աշխատակիցները շրջեցին Գյումրու Լաչինի միջանցք կոչվող տարածքում: Աշխատակիցները եղան այն տաղավարներում, որտեղ վաճառվում էր կաթնամթերք եւ մսամթերք: Ինչպես Lragir.am–ի թղթակցի հետ զրույցում նշեց Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը, նման ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ: Շրջայցի ընթացքում հայտնաբերվեցին խախտումներ, իսկ վաճառողները տուգանվեցին:

Ծառայությունը ստուգումներ նախատեսել է նաեւ մարզի մյուս քաղաքային ու գյուղական բնակավայրերում: Նշենք, որ մայրաքաղաքային հյուրերի այցը գյումրեցի վաճառողների սրտով չէր: «Պարապ կմնան՝ գուկան կտուգանեն», մեզ հետ զրույցում դժգոհեցին վաճառողները: