Աննախադեպ տեղումների պատճառով այսօր առավոտյան փակվել էր Երևան-Մեղրի միջպետական մայրուղու 311 կիլոմետրի հատվածը։ Սարալանջից եկող ջուրը մայրուղին ողողել է բերվածքներով, քարերով ու տիղմով։ Ճանապարհի երթևեկությունը միակողմանի վերականգնվել է, սակայն ջրի հոսքը շարունակվում է։
Դեպքում վայրում վաղ առավոտվանից աշխատում են Կապանի Ճանշինի աշխատակիցները։ Արգելապատնեշ են ստեղծել ջրի հոսքը ճանապարահով կանխելու համար։
Գլխավոր ճանտարագետ Սերգեյ Առուստամյանի խոսքով, առատ ջուր է գալիս։ «Սարալանջում ջրվեժ կա, աշխատում ենք այնպես անել, որ ճանապարհի գոնե մի հատվածը երթեևեկելի լինի»,-ասում է նա։
Սյունիքի մարզկենտրոնում իսկական աղետ է։ Քաղաքը ողողվել է ջրով։ Վաչագան գետի ավերածությունների վերացման աշխատանքները հիմա էլ շարունակվում են։ Ջրի տակ անցած կամուրջների, ավտոտնակների երկաթյա կտորները տրակտորների օգնությամբ դուրս են բերվում գետից։
