Այսօր առավոտյան Կապանի փողոցներով անցուդարձ անելը հետիոտներին, մեղմ ասած, չէր հաջողվում։ Մոտ 20 րոպե տևած ուժեղ անձրևը, որը փոխարինվեց կարկուտով, քաղաքում անասելի վիճակ էր ստեղծել։ Ճանապարհների ջրափոսերով մեքենաները դժվարությամբ էին երթևեկում, սելավատարներն էլ չէին հասցնում ջրահեռացում կատարել։
Ներհամայնքային ճանապարհներից բացի, Երևան-Մեղրի միջպետական մայրուղին նույնպես թաղվել է ջրի մեջ։ Հունան Ավետիսյան փողոցում անձրևաջրերին գումարվել էր Ողջի գետի ջուրը։
Աշխատանքի շտապող Սամվել Հարությունյանը ստիպված էր սպասել, որ անձրևը հանդարտվի. հակառակ դեպքում ամբողջովին կթրջվեր։ «Չես կարողանում ճանապարհի մի կողմից մյուսն անցնել, էս լոգերը չեն աշխատում»,- դժգոհում է նա։
Քաղաքի սելավատարների հարցն ամեն անգամ տարվա այս ժամանակահատվածում իր մասին հիշեցնել է տալիս։ Դրանց մեծ մասը խցանված է ու չի գործում, մյուսներն էլ ոչ լիաժեք են ծառայում իրենց նպատակին։ Վերջերս նորոգվել է քաղաքի Մուշեղ Հարությունյան թաղամասին ծառայող սելավատարը, սակայն մեկի նորոգումը դեռևս հարցի լուծում չէ. հարկավոր է գործի գցել բոլորը։
