Հրազդանի այսպես կոչված Ֆայլա բազարն իր մշտական անդամներն ունի: Սեզոնը բացվելուն պես նրանք ամեն օր առավոտ կանուխ գնում են ֆայլա բազար` հույս ունենալով, որ մի մեծահարուստ կգա ու նրանցից մի քանիսին գոնե այդ օրը կապահովի աշխատանքով: Վճարում են օրավարձով` կախված կատարած աշխատանքի բնույթից ու աշխատաժամից, բայց աշխատանք միշտ չի լինում.
«Դե նայած օր ու նայած աշխատանք, լինում ա 2000 դրամ ենք աշխատում, լինում ա` ավելի շատ: Ամենատարբեր աշխատանքներ ենք կատարում` հարուստի բակ ենք մաքրում, ծառ ենք տնկում, բոստան ենք մշակում, քար ու ցեմենտ ենք թափում, կահույք ենք տեղափոխում, մի խոսքով, ամեն ինչ էլ անում ենք»,-պատմում է մի 40 ամյա տղամարդ:
Ֆայլա բազարի «աշխատակիցներն» ամենատարբեր խառնվածքի ու տարիքի գործազուրկներ են: Նրանց շարքերում կան նաև 27-30 տարեկան երիտասարդներ, ովքեր սոցիալական ծանր պայմանների պատճառով, առանց ընտրության հնարավորություն ունենալու, գալիս են ու սպասում այդ օրվա հացին.
«Լավ կյանքից չէ, որ գալիս ենք ստեղ, ըլնում ա, որ տանում են աշխատացնում ու չեն էլ վճարում, մի կտոր հաց են տալիս ու ճանապարհում»,- պատմում են երիտասարդները:
Նրանք, ի տարբերություն իրենց ավագների, լավատես են. հավատով ու հույսով սպասում են, որ Հրազդանում, որը երբեմնի խոշոր արդյունաբերական քաղաք էր, կվերականգնվեն ու կվերաբացվեն թալանված գործարանները, ու իրենք էլ ոչ թե կամաչեն իրենց կանգնած աշխատատեղի ու աշխատանք մուրալու համար, այլ հարգանքի կարժանանան` ունենալով մշտական և բարեկեցիկ կյանք խոստացող աշխատանք:
