Ստուգեցին նաեւ լրագրողների սթափ լինելը

    • Հանրային թղթակից - Ուրբաթ, 18 Մայիսի 2012, 17:00

Վերջին ամիսներին “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ աշխատակիցներն ու կոմբինատի այցելուները ձեռնարկության տարածք մուտք գործելու համար պետք է ոչ միայն ցույց տան իրենց վկայականները, այլեւ պարտադիր պետք է անցնեն ստուգում` սթափ լինելու վերաբերյալ: Եթե առնվազն 8 ժամ չի անցել թեկուզ մեկ կում ալկոհոլ օգտագործելուց հետո, ապա պահակային ծառայության աշխատակիցներն անհապաղ պահանջում են ազատել ձեռնարկության տարածքը:

Նման կանոնակարգից զերծ չմնացին նաեւ ձեռնարկության գլխավոր տնօրենի հետ հանդիպման գնացած ԶԼՄ ներկայացուցիչները, ինչը խիստ վիրավորեց հատկապես իգական սեռի լրագրողների ինքնասիրությունը: Նախ` մուտքի մոտ ստուգեցին լրագրողների վկայականները, ինչը սպասելի էր, գրանցեցին բոլորի անուն ազգանունները, տրամադրեցին անցաթղթեր` էեկտրոնային անցակետի համար, իսկ հետո հատուկ սարքի օգնությամբ ստուգեցին յուրաքանչյուրի սթափ լինելը, ինչի արդյունքում, ի դեպ, հեռուստատեսություններից մեկի օպերատորին մեղմ ասած դուրս հարվիրեցին ձեռնարկության տարածքից, քանի որ վերջինս ուշ երեկոյան զվարճացել էր ընկերների հետ ու իր խոսքով թեթեւակի ալկոհոլ էր օգտագործել:

Ձեռնարկության գլխավոր տնօրեն Իլյա Գարկովի հավաստմամբ, “Դինո գոլդը” Հայաստանում առաջին ձեռնարկությունն է, որի անցակետում ստուգվում է նաեւ աշխատողների ու այցելուների սթափությունը:

“Սա արվում է մարդկանց անվտանգությունն ապահովելու համար, ինչը ընկերության հիմնարար արժեքներից է: Այս ձեւով նաեւ մարդիկ համոզվում են, որ այստեղ բոլորը, այդ թվում գլխավոր տնօրենը, հավասար են ու պետք է ենթարկվեն ձեռնարկությունում ընդունված կանոններին”, - ասում է ընկերության գլխավոր տնօրեն Իլյա Գարկովը:

Նրա խոսքով առաջին անգամ աշխատողների նման ստուգումներ անցնելը կիրառվել է Բուլղարիայում` Չելոպեչում, դարձյալ հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ ինքն աշխատում էր, հիմա կիրառվում է նաեւ Ավստրալիայում:

“Այսօր շատ կազմակերպություններ դիմում են մեզ, ուզում են հետեւել մեր օրինակին: Սա առաջին հերթին, զգալիորեն նվազեցնում է արտադրությունում պատահարների թիվը: Այս կանոնակարգի արդյունավետությունը կարճ ժամականում ակնհայտ լինել չի կարող: Դրանում բոլորը կհամոզվեն մի քանի տարի հետո”, հավաստիացնում է ընկերության գլխավոր տնօրենը: