Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԶՈւ սպա Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը: Գործով վկա ներգրավված Արման Մնացականյանը եւ Արթուր Մկրտչյանը նիստին չէին ներկայացել: Վերջինիս հետ կապված գրություն կար ոստիկանության Սիսիանի բաժնից, որ նա գտնվում է ԼՂՀ-ում, եւ հաջորդ նիստին նրա ներկայությունը կապահովվի: Իսկ ահա Արման Մնացականյանը, կրկին ոստիկանության գրության համաձայն, «բուժման նպատակով մեկնել է ՀՀ-ից»:
Դատավոր Սամվել Մարդանյանը դատավարության մասնակիցներին առաջարկեց ներկայացնել իրենց կարծիքը` նման պարագայում դատավարությունը շարունակելու վերաբերյալ: Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն ասաց, որ առանց նրանց իմաստ չունի շարունակել դատական նիստը:
Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը նշեց, որ դատարանը վկաների մասնակցությունն ապահովելու բավարար ջանասիրություն չի գործադրել:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը նույնպես կարծում էր, որ այս դատական նիստը պետք է հետաձգվի: Ինչ մնում է վկա Մնացականյանի` ՀՀ-ից բացակայելու մասին ոստիկանությունից ստացված գրությանը, ապա, Շուշանյանի խոսքով, դա չի կարող հիմք հանդիսանալ փաստելու համար, որ վկան իրոք ՀՀ-ից բացակայում է: “Փաստը ստուգելու համար դատարանը պետք է դիմի համապատասխան մարմիններին` պարզելու համար, թե Մնացականյանը իրո՞ք հատել է Հայաստանի սահմանը, թե ոչ”,-ասաց փաստաբանը` հայտնելով իր վստահությունը, որ Մնացականյանը գտնվում է ՀՀ-ում: Նրա խոսքով` նաեւ անհրաժեշտ են վկայի “հիվանդությունը” փաստող հիմքեր: Մուշեղ Շուշանյանը միաժամանակ շեշտեց, որ հասունացել է պահը` նիստերը արտագնա կերպով Երեւանում անցկացնելու, քանի որ նիստերը Երեւանից Իջեւան էր տեղափոխվել վկաներից մի մասի` Տավուշի մարզի տարածքում գտնվելու հիմնավորմամբ, իսկ վկաներ Մնացականյանը եւ Մկրտչյանն ապրում են այդ տարածքից դուրս, Երեւանին ավելի մոտ: Բացի այդ, Երեւանում են բնակվում դատավարության մասնակիցների մեծ մասը: Դատավորը մերժեց քննարկել այդ հարցը, ասելով, որ նման միջնորդություն այդ պահին չի քննարկվում:
Դատարանը որոշեց դատական նիստի աշխատանքները հետաձգել մինչեւ մայիսի 22-ը, ինչպես նաեւ ձեռնարկել միջոցներ, կայացնել բերման որոշումներ եւ հետաքննության մարմնի միջոցով վկաների մասնակցությունը ապահովել հաջորդ նիստին:
Մեզ հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փորձագետ Ռուբեն Մարտիրոսյան ասաց.«Արման Մնացականյանի հիվանդության պատմությունը ամբողջովին կեղծ է, աբսուրդ է: Մի քանի ամիս շարունակ մենք նրա հետ շփվել ենք, տեսել ենք` ժիր, ճարպիկ, առույգ, առողջ երիտասարդ է, որին ստիպում են տալ կեղծ ցուցմունք, եւ որը չի ուզում այդ կեղծ ցուցմունքը տալ»: Մարտիրոսյանը գրեթե նույնն ասաց Արթուր Մկրտչյանի մասին: «Նա միակ վկան է, ով համարձակվել է նախաքննության ընթացքում ըմբոստանալ եւ ասել ճշմարտությունը` որն իրենից ցուցմունքները կորզում են ծեծի եւ բռնության միջոցով: Նրան նորից ստիպում են տալ կեղծ ցուցմունք, ինչը նա չի ուզում անել»: Մարտիրոսյանի խոսքով` Արթուր Մկրտչյանի հետ կապված այլ պրոբլեմ էլ կա. նրա եղբորը մինչ օրս պահում են ՌՈ-ում: Սակայն այդ տղան դեպքի վայրում չի եղել, եւ նրան Երեւանի զինվորական ոստիկանությունում պահում են, Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, որպես պատանդ: Նշենք, որ նա դեռեւս գտնվում է զինծառայության մեջ:
Ավելացնենք, որ վկա Արման Մնացականյանը Երեւանում կայացած նիստերից մեկի ժամանակ արդեն ցուցմունք է տվել, իսկ ահա դատավարության այս շրջանում, տարբեր հիմնավորումներով, փաստացի խուսափում է դատարան ներկայանալ: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը նույնպես համոզված է, որ վկաների նկատմամբ ճնշում է գործադրվում` փաստերը կոծկելու նպատակով:
