«Քաղաքացին շատ ա՞ իմանում` կովը ինչ ջուր ա խմել». Տեսանյութ

    • Հանրային թղթակից - Երեքշաբթի, 15 Մայիսի 2012, 11:53

Չհամակերպվելով իրենց ճակատագրին ու միևնույն ժամանակ այն որպես խաչ կրելով` Քաղսի գյուղի բնակիչներն արդեն տարիներ շարունակ ահազանգում են բնակավայրի պայմանների մասին: Գյուղացիների մեծ մասը դեռևս խորհրդային տարիներին բախտի բերմամբ նոր տուն ստացան, տեղափոխվեցին: Տասնհինգ տնտեսություն էլ մնաց Ներքին Քաղսի կոչվող թաղամասում, որտեղ գտնվում է արդեն քսան տարի չգործող մաքրման կայանը:

Չգործող կայան, գարշահոտ, հակահիգիենիկ պայմաններ, սա այն պատկերն է, որի մասին մշտապես ահազանգում են քաղսեցիները:

Բայց այսօր, արի ու տես, որ մաքրման կայանի բացակայության ու Հրազդան գետի ջրի հոսքը պլատինե կայանից դադարեցնելու պատճառով տարածաշրջանի կոյուղաջրերից լճացած ճահիճներն ու տիղմաջրային տարածքները դարձել են գյուղացիների կենսապայմանների բաղկացուցիչ մասը: «Գոնե Ծովինարից եկող ջուրը բաց էին թողնեն, ահագին մաքրվում էր: Արդեն երկու տարի ա` բաց չեն թողնում, մեզ էսպես կոտորում են», - բողոքում են բնակիչները: «Ես Քաղսի գյուղի բնակիչ եմ, 78 տարեկան, եթե ես էս համաճարակով հիվանդանամ, կարա±մ բժշկի գնամ, ինչո±վ գնամ, երբ որ սոցիալապես անապահով եմ: Տարիներ էս վիճակն ա, քսան տարուց ավել: Թունավոր մոծակները և անասունին են վնաս տալիս և ժողովրդին»,- իր մտահոգությունն էր հայտնում Վարդգես պապը,- “Բոստանային բանջարները, որ էս նեխած ջրով ջրեն, ժողովրդի վիճակը ինչ կլինի: Ջուր բաց չեն թողնում, ջուրն էլ են գրպանել: Կովը որ էս ջուրը խմում ա, էդ կաթը ջրից չի± ստացվում: Էկոլոգիապես մաքուր չի, ստիպված էս ձևի ապրում ենք: Անասուններն են էս ջուրը խմում, կաթնամթերքը տանում ենք շուկա, քաղաքացուն խաբում ենք, ասում ենք էկոլոգիապես մաքուր կաթնամթերք ա, բայց քաղաքացին շա±տ ա իմանում կովը ի±նչ ջուր ա խմել և ի±նչ կաթնատվություն ունի»: «Թող հանեն, թող մեզ էլ հանեն, ժողովրդի կեսին հանեցին, մենք մնացինք էս տանջանքի մեջ»,- բողոքում էր մեկ այլ բնակիչ:

Գյուղացիներն անհանգստանում են, որ մի օր էլ իրենց երեխաներն առողջական լուրջ խնդիրներ կունենան, փոքր են ու չգիտակցելով խնդրի լրջությունը` ծնողներից ծածուկ լողանում են այդ կեղտաջրերում: Յուրաքանչյուր անգամ բարձրաձայնելով խնդիրը` բնակիչները հույս ունեն, որ գուցե մի օր իրենց էլ կտեղափոխեն, իրենք էլ կապրեն մաքուր միջավայրում` զերծ վարակից, գարշահոտից ու մյուս խնդիրներից: