Խաչքար Սարոյի ջոկատի հիշատակին

    • Հանրային թղթակից - Երեքշաբթի, 15 Մայիսի 2012, 09:57

Երեկ Իջեւանի Վալանսի փողոցում, Շատրվանների հրապարակի հարեւանությամբ բացվեց խաչքար` նվիրված Սարոյի ջոկատի մարտիկներին: Խաչքարի հեղինակը արցախցի Արթուր Մուսայելյանն է, նվիրատուն` կրկին արցախցի, Արթուր Ավագյանը: Խաչքարին փորագրված է` “Սարոյի ջոկատի հերոս տղաներին”: Խաչքարի բացումն անելու պատիվը վերապահված էր Սարոյի թոռանը` կրտսեր Սարիբեկ Օհանյանին:

Սարոն` Սարիբեկ Օհանյանը, Իջեւանի կամավորական ջոկատի առաջին հրամանատարն էր: Ջոկատը փառապանծ մարտական ուղի է անցել, մասնակցելով արցախյան ազատագրական շարժմանը, ֆիդայական պայքարին: Իսկ Սարիբեկ Օհանյանը` Սարոն, իր համհարզ, 25-ամյա Սլավիկ Սաֆարյանի հետ, զոհվել է 1992թ. Հունիսի 9-ին, այն բլրի վրա, որն այժմ կոչվում է Սարոյի բլուր: Սարիբեկ Օհանյանի անունով է կոչվում նաեւ Իջեւան քաղաքի ամենաերկար փողոցներից մեկը:

Սարոյի ջոկատի մարտիկներից ոմանք պատերազմական գործողություններից հետո շարունակեցին կրել զինվորականի համազգեստը եւ այսօր համարվում են հայակական բանակի լավագույն սպաներից, մասնավորապես` գնդապետ Թեմուր Շահնազարյանը եւ գնդապետ Օնիկ Գասպարյանը: Վերջինս այժմ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն է:

Ցավոք, Սարոյի ջոկատի շատ մարտիկներ բացակայում են Հայաստանից` օրվա հացի համար մեկնել են արտագնա աշխատանքի, իսկ ՀՀ-ում բնակվողներից ոչ բոլորն են, որ արժանացել են համապատասխան փառքի ու մեծարանքի:

Ով չգիտի, որ կեղծ հերոսների ժամանակներում ենք ապրում: