Խաբելով տանում են դասընթացների

    • Հանրային թղթակից - Ուրբաթ, 11 Մայիսի 2012, 20:46

Տավուշի մարզում հատուկ զինվորական դասընթացներ են անցկացվում, որոնց հրավիրված մարդիկ նախապես չեն իմանում ուր են գնում, ինչի համար և որքան ժամանակով:

Այս մասին մեզ հետ կիսվեց մարզի մի բնակիչ, ով նույնպես մասնակցել էր այդ դասընթացներին: Նրա խոսքով, մի քանի օր առաջ իրեն համայնքապետարանից հանձնարարել էին ներկայանալ զինկոմիսարիատ` ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու նապատակով: Դրանով նա իբր ազատվում էր առաջիկա ուսումնական տագնապներին մասնակցելու պարտականությունից: Վերջինս գնում է զինկոմիսարիատ, ուր իրեն տեղեկացնում են Տավուշի մարզի զորամասերից մեկում երեք օրով ուսումնական դասընթացներին պարտադիր մասնակցելու մասին: Չնայած որ մեր տեղեկատվության աղբյուրը պատրաստվում էր մոտակա օրերին աշխատանքի նպատակով մեկնել երկրից` համաձայնվում է մասնակցել այդ դասընթացներին: Այս մարդն ուրիշ տղամարդկանց հետ միասին նստում է մեքենա, ուր նրանց հայտնում են, որ դասընթացները կտևեն չորս օր: Սակայն նախատեսված վայր հասնելուն պես դասընթացը երկարաձգվում է` փոխվելով տաս օրի:

Դասընթացի մասնակիցը թեև չի դժգոհում զորամասում անցկացրած ժամանակի համար, այնուամենայնիվ, նրանց համար բավարար պայմաններ չէին ապահովել: Վերջիններս ապրում էին վրանների մեջ, ինչը խիստ անհարմար էր անձրևային եղանակի համար: Սակայն արդեն կարողացել են համոզել դասընթացավարներին գիշերները տներում անցկացնել:

Եվ հատկանշականն այն է, որ դասընթացի բոլոր մասնակիցներն էլ ի սկզբանե չեն իմացել դրա բուն նպատակը: Վերջիններիս հանձնարարված է եղել ներկայանալ զինկոմիսարիատ, նրանք էլ առանց հապաղելու գնացել են: