Մինչև մայիսի 6-ին կկայանար ԱԺ ընտրությունները, շաբաթներ շարունակ կուսակցություններն ու թեկնածուները շրջեցին գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, մարզից մարզ ու բոլորն էլ իրենց խոստումներով ու ամպագոռգոռ ելույթներով փորձեցին հասարակությանը համոզել, որ իրենց կողքին են իրնց հոգսով ապրող, խնդիրները կիսող ու ուրախությունով ուրախացող:
Ընտրություններից ընդամենը երեք օր անց՝ մայիսի 9-ին, ամենամեծ ուրախության օրը, հաղթանակի տոնն է: Ինչպես հանրապետությունում, այնպես էլ Արմավիր քաղաքում տոնական միջոցառումը սկսվեց շքերթով, հրապարակից մինչև կայարանամերձ հրապարակ, որտեղ գտնվում էր Արցախյան ազատամարտի զոհված և անհայտ կորած զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը և շարունակվեց Արմավիրի քաղաքային զբոսայգում, որտեղ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողն է գտնվում:
Տոնական երթին մասնակցում էին Արմավիրի մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցներ, կրթական հաստատությունների կոլեկտիվներ, ԵԿՄ անդամներ, զինվորականներ և հաղթանակը տոնող արմավիրցիներ: Բայց նրանց շարքում չկար 21 ընտրատարածքից ոչ նախկին և ոչ էլ ներկայիս համամասնական կամ մեծամասնական ընտրակարգով (նախնական արդյունքով, ասենք , Ալեքսան Պետրոսյան -մեծամասնական , Ռուստամ Գասպարյան, Նահապետ Գևորգյան - համամասնական) ընտրված որևէ պատգամավոր: Հարց է առաջանում, պատգամավորները չէին կիսում 1945թ –ի մեծ հաղթանակի ուրախությունը, թե հաղթանակի բերկրանքը քաղաքացիներից առանձին էին վայելում:
Նշենք, որ Արմավիր քաղաքում հայրենական մեծ պատերազմի 14 վետերան է մնացել, նրանք էլ այսօր միացել էին տոնական շքերթին և իրենց հիշողություններով ու պատմություններով հաղթանակի օրվան նվիրված միջոցառումն ավելի խորհրդանշական դարձրել:
