Հանրապետական թեկնածուն բողոքարկել է ընտրությունների արդյունքները եւ մերժվել

    • Հանրային թղթակից - Երեքշաբթի, 08 Մայիսի 2012, 18:52

Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Մխիթար Վարագյանը թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների վերահաշվարկի դիմում է ներկայացրել:

Հանրապետական թեկնածուն պահանջել է վերահաշվարկ կատարել թվով 12 ընտրատեղամասերից ստացված արդյունքները: Հիշեցնենք, որ թիվ 36 ընտրատարածքում առաջադրվել էր 4 թեկնածու՝ ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանը, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն ու ՀՀԿ ներկայացուցիչ Մխիթար Վարագյանը:

15.291 ձայնով պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ թեկնածուն: Մխիթար Վարագյանը հայտնել է, որ հրապարակված տվյալներն իրականությանը չեն համապատասխանում: Թիվ 36 ընտրատարածքի նախագահը հայտնեց, որ վերահաշվարկվել են 36/02 ընտրատեղամասի արդյունքները եւ աղաղակող բացթողումներ չեն հայտնաբերվել: Երբ հանձնաժողողովականները որոշել էին վերահաշվարկել թիվ 36/06 ընտրատեղամասի տվյալները, նույն ընտրատեղամասի նախագահը հայտարարեց, որ վերահաշվարկի որոշումը հակասում է Ընտրական Օրենսգրքի պահանջներին:

Թիվ 36 ԸԸՀ նախագահ Աշոտ Մարտիրոսյանը կապվեց ԿԸՀ, որտեղից պատասխանեցին, որ վերահաշվարկի որոշում Աշոտ Մարտիրոսյանն ընդունելու իրավունք չուներ: Գործընթացը դադարեցվեց: Մխիթար Վարագյանի դիմումը մերժվեց:

Նշենք, որ Մխիթար Վարագյանը Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանի հարազատ եղբայրն է: Երկու անգամ ընտրվել էր Աժ պատգամավոր: