Մարտունի-Երևան երթուղին չի գործում

    • Հանրային թղթակից - Երեքշաբթի, 08 Մայիսի 2012, 12:03

Մարտունի-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսներն առավոտից չեն գործում: Իսկ երեկ` մայիսի 7-ին, Վեդիից Մարտունի ժամանած ավտոբուսն էլ թեև Մարտունու ավտոկայանում է, ուղևորների անհրաժեշտ թիվն էլ կա, սակայն ուղերթ դուրս չի գալիս:

Այս մասին ինձ մոտ մեկ ժամ առաջ տեղեկացրեցին «Մարտունի ԻնֆոՏան»  քաղաքացիական լրագրողները:

Այս պահին ավտոկայանի տարածքում մայրաքաղաք կամ այլ վայրեր գնալ ցանկացող մեծաթիվ մարդիկ կան` զրկված ազատ տեղաշարժի իրենց սահմանադրական իրավունքից: Ստեղծված իրավիճակից օգտվել են մասնավոր տաքսիների վարորդները, որոնք յուրաքանչյուր ուղևորից 3000-ական դրամ ուղեվարձով գաղտնի մայրաքաղաք են տանում:

Պատճառն, ըստ հավաքվածների, այսօր մայրաքաղաքի Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող հանրահավաքն է:

«Էս է՞ր դրանց ազատ, արդար ու թափանցիկը... Արդար մարդը չի վախենա: Համ էլ` մեկա, ցույցի գնացողն արդեն կամ գնացելա, կամ էլ` ինչ էլ անեն կգնա: Էս ի՞նչ վիճակա»,- դժգոհեց հասկանալի պատճառներով ներկայանալ չցանկացող մի քաղաքացի: «Է բայց մենք ի՞նչ մեղավոր ենք, որ ցույցա: Խիվանդատերի ու ուրիշ գործ ունեցողի ջառմեն բա իմա՞լ պտի քաշեն»,-իր հարցադրումն ավելացրեց մեկ ուրիշը:

Ի դեպ, այսօր խափանումներով է աշխատում նաև ինտերնետային կապը: