ԱԺ թիվ 29 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ թեկնածու Վահագն Մարտիրոսյանը Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք մեղադրանքեր է հնչեցրել մարզի որոշ գյուղապետերի հասցեին, մասնավորապես շեշտելով Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր և Գուգարքի տարածաշրջանի Լեռնապատ համայնքների գյուղապետերի անունները, որոնք ըստ թեկնածուի, ամեն գնով փորձում են խոչընդոտել իր նախընտրական քարոզչությանը:
Վահագն Մարտիրոսյանի փոխանցմամբ, մայիսի 2-ին իր համախոհների և մասնավորապես վստահված անձ Գևորգ Մելքոնյանի նկատմամբ Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի մերձավորների կողմից վիճաբանություն է տեղի ունեցել, այնուհետ ծեծել են իր վստահված անձին:
ՀՀԿ-ական գյուղապետի, նրա համախոհների և համայնքի ընդիմադիր բնակիչներիմիջև տեղի ունեցած վիճաբանության արդյուքում, ըստ ՀԱԿ թեկնածուի, գյուղապետի որդին դանակով հարվածել է համայնքի բնակիչ, ընդիմադիր Նորիկ Թամարյանին:
Լրագրողների հետ զրույցում Վահագն Մարտիրոսյանը նշեց, որ վիճաբանության առիթը բնավ քաղաքական շրջանը չէ, այլ այն, որ ամեն պատեհ առիթ իշխանության կողմից օգտագործվում է իրենց ճնշելու և ընտրական գործընթացները խանգարելու համար:
Մեզ հետ զրույցում Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը հակառակը պնդեց, նշելով, որ վիճաբանության ժամանակ թեկնածուի վստահված անձն ու նրա համախոհը քարերով խփել են հոր ու տղայի գլխին, ջարդել հոր կողոսկրերը:
Ոստիկանության Վանաձորի բաժնում դեպքի առնձությամբ նյութեր են նախապատրաստվում:
