Վերջին յոթ օրերին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում ընթանում էր դպրոցականների ամենամյա “Ընթերցողների կոնֆերանսը”, որը կրում է “Գրքի խորհուրդը բաց դուռ լինի ձեզ համար” խորագիրը: Այս տարի այն նվիրված է հայ գրատպության 500-ամյակին եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն: Տասը տարի շարունակ կազմակերպվող եւ արդեն ավանդական դարձած ամենամյա այս կոնֆերանսին մասնակցում են ոչ միայն քաղաքի տարբեր դպրոցների հարյուրավոր աշակերտներ, այլեւ համայնքի անդամներ: “Կոնֆերանսի նպատակը դպրոցում բարենպաստ կրթության միջավայրի հաստատումն է, ինչը կբավարարի ընթերցելու ցանկություն ունեցող մեր համայնքի անդամների ու մեր դպրոցականների կարիքները: Նաեւ նպատակ ունենք զարգացնելու հետաքրքրություն ընթերցանության նկատմամբ, ամրապնդել երեխաների ու համայնքի բնակիչների կապը գրադարանների հետ, ստեղծել ակտիվ ընթերցողների ակումբ”, - ասում է կոնֆերանսի գաղափարի հեղինակ ու կազմակերպիչ, Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի բազմավաստակ տնօրեն Հասմիկ Համբարձումյանը: Իսկ կոնֆերանսի գաղափարը ծնվեց եւ իրականություն դարձավ այն բանից հետո, երբ դպրոցականները նամակ-խնդրանքով դիմեցին տնօրենին` դպրոցի գրադարանը հարստացնելու նոր գրքերով: Այս գործում աջակցեց Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդը` IREX-ը, այդ նպատակով դպրոցին տրամադրելով 500 ԱՄՆ դոլար: Ձեռք բերված գրքերն, իրոք, նորություն էին թե դպրոցի աշակերտների, եւ թե ուսուցիչների համար:
Կոնֆերանսի յոթ օրերին կազմակերպվեցին նշանավոր մարդկանց նամակների ընթերցանություններ, հանդիպումներ կապանցի ստեղծագործողների հետ, տարածվեց տեղեկատվություն Հայաստանի 10 հրաշալիքների մասին, դպրոցականների հյուրերը եղան Կապանի երկրագիտական թանգարանի, մշակույթի կենտրոնի կոլեկտիվները, լսվեցին ստեղծագործող աշակերտների աշխատանքները: Այս ամենը զուգակցվում էր համերգային մասով, որին մասնակցում էին դպրոցական երգչախումբը, թատերական խմբերը: Աշակերտների ուժերով ներկայացվեց “Սեւուկ ուլիկ” օպերան ու “Մոխրոտիկը” բեմականացումը: Իսկ կոնֆերանսի վերջին օրը պարգեւատրվեցին ակտիվ մասնակցիները: Ընթերցանության կոնֆերանսի հանդիսավոր բացմանը հնչած այն միտքը, որ այսօր ինչքան ավելանում են գրքերը, այնքան պակասում է ընթերցողների թիվը, վերջին օրն արդեն ընդունելի չէր մասնակիցների համար: Նրանք համոզվել էին, որ գիրքը շատ ու շատ փակ դռներ կարող է բացել իրենցից յուրաքանչյուրի առջեւ:
