Վկան շփոթում էր մանրամասները

    • Հանրային թղթակից - Հինգշաբթի, 03 Մայիսի 2012, 12:26

Երեկ Իջևանում շարունակվեց “Մեհրաբներ” զորամասի պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը: Թեև դատական նիստը պետք է սկսվեր ժամը 14-ին, սակայն ամբաստանյալներին ճիշտ ժամանակին դատարան չբերելու պատճառով` դատավոր Սամվել Մարդանյանը նիստը սկսեց մեկուկես ժամ ուշացումով:

Այս անգամ հարցաքննվեց նախկին զինծառայող Հայկ Նազարյանը, ով այս դատավարության համար արդեն սովորություն դարձած արտահայտություններ էր անում` անընդհատ շեշտելով, թե ինքը շատ բան չի հիշում: Իր հիշողության “տրամաբանական” կորուստը նա պատճառաբանում էր դեպքի վաղեմության և ինչ-որ անձնական խնդիրների առկայության հանգամանքով: Վկան հայտնեց, որ Արտակ Նազարյանին դեպքի վայրում տեսել է մոտ 30-40մ հեռավորության վրա, այնուհետև, չգիտես ինչու, վերոհիշյալ հեռավորությունը նրա խոսքերում փոփոխվում էր: Վերջինիս կցկտուր պատասխանները, ռազմական ոստիկանության հետ զոհված Արտակ Նազարյանի մոտ բարձրանալու պատճառը չհիմնավորելը` ներկաներին լուրջ կասկածելու առիթ էին տալիս: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը խոստացավ միջնորդել վկայի նկատմամբ քրեական գործ հարուցելուն` դատարանում կեղծ ցուցմունք տալու համար:

Հ. Նազարյանի խոսքով, զորամասում զինծառայողներն ու Ա. Նազարյանը միմյանց լավ են վերաբերվել: Պարզվեց նաև, որ վկան դեպքից հետո 10 օր պահվել է Բերդի ռազմական ոստիկանությունում: Սա իհարկե մարդու իրավունքների խախտում է: Վկան շեշտեց, որ ռազմական ոստիկանությունում մի քանի անգամ է հարցաքննվել, բայց գործի վարույթում նշված է միայն մեկ հարցաքննության արձանագրություն:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 15-ին: