Ոռոգման ջրի բաժանորդների թիվը նվազում է. հող չեն մշակում

  • Հանրային թղթակից - 02 Մայիսի 2012, 11:41

Գյուղատնտեսական աշխատանքները Սյունիքում արդեն սկսվել են: Ֆերմերային տնտեսությունների մտահոգությունը հիմնականում ոռոգման ջրի խնդիրն է:

“Հողը մշակում ենք, հույսը դնելով եղանակի վրա, անձրև կգա` այգին բերք կտա, ոչ` կչորանա։ Խմելու ջրից է գյուղացին զրկված”,- ասում է Խոտանան գյուղի բնակիչ Մարգուշ տատը։

Ղափան ջուրօգտագործողների ընկերությունը ոռոգման տարեշրջանը սկսել է ապրիլի 20-ից: Ընկերության բաժանորդների թիվը տարիների ընթացքում չի ավելանում: Սպասարկում է չորս համայնքներ, ունի 550 բաժանորդ: Ընդհանուր առմամբ, ընկերության մատակարարած ջրով ոռոգվում է 48 հա հողատարածք: Անգամ գյուղական համայնքներում մարդիկ դադարում են հող մշակել,- նշում է ընկերության տնօրեն Օնիկ Աթայանը:

Ժամանակին ոռոգման ջուր ստացել են ավելի շատ համայնքներ: 90-ականների սկզբից ի վեր որոշ պոմպակայաններ դադարել են գործարկվել: Նախկինում Ծավ և հարակից գյուղական համայնքներում ինքնահոս համակարգով ոռոգում իրականացնելու ծրագեր են եղել: Սակայն դրանք չիրագործվեցին:

Խոտանանի նման շատ գյուղական համայնքների կարևորագույն հիմնախնդիրներից մեկը ոռոգման ջրի հարցն է: Ըստ Օնիկ Աթայանի, գյուղերում մարդիկ շատ քիչ հողատարածքներ են մշակում, իսկ ոռոգման ջրի ապահովման համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Առաջիկայում էլ բաժանորդների թիվը ավելացնելու ծրագեր չկան: Ընդհակառը, բաժանորդները նվազում են:

Մեկ խորանարդ մետրի համար ներկայում 11 դրամ են բաժանորդները վճարում: Գալիք տարի մեկ դրամով գինը կավելանա: Մեկ այլ խնդիր էլ կա՝ Կապանի ջրատարը շահագործվում է մոտ 40 տարի, մինչդեռ դրա պիտանիության ժամկետը առավելագույնը 25-30 է:

Ըստ Ղափան ջուրօգտագործողների ընկերության տնօրենի, վթարները շատանում են, իսկ վթարների վերացման համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ լինում, և ընկերությունը խնդիրների առաջ է կանգնում: Հիմնականում ջուրօգտագործողներից գանձված գումարների միջոցով են հօգում ընթացիկ ծախսերը:Իսկ ընկերության բաժանորդների թիվը տարեցտարի նվազում է: