Երեկ` ապրիլի 29-ին Լոռու մարզկենտրոն Վանաձորում նախատեսված էր նախընտրական քարոզչության շրջանակներում Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքը: ՀԱԿ-ին կողմնակից քաղաքացիները Վանաձորի Արցախ պուրակում սպասում էին Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների հետ հանդիպմանը, որին, սակայն չէր ներկայացել կուսակցության առաջնորդը:
ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը, սկսելով ելույթը, Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը հիմնավորեց նրա վատառողջ լինելով, նշելով, որ վերջինս գտնվում է բժիշկների հսկողության տակ ու առողջական խնդիրները թույլ չեն տվել անձամբ ներկայանալ հանրահավաքին: Հենց Արամ Մանուկյանն էլ, Նիկոլ Փաշինյանի հետ միասին փորձեցին լրացնել ՀԱԿ առաջնորդի բացակայությունը:
Հավելենք, որ երեկ Վանաձորում բավականին անձրևային եղանակ էր, որը շարունակվեց նաև հանրահավաքի ընթացքում, չնայած դրան, Արցախ պուրակում հավաքվել էին 1000 և ավելի քաղաքացիներ: Իսկ վանաձորցիների հետ հանդիպմամբ ու Լոռու մարզ այցով սահմանափակվեց կոնգրեսի քարոզչությունը մարզերով: Լոռին թվով վերջին մարզն էր:
