«Ես ձեզ խոսք եմ տալիս, որ պառլամենտում, երբ որ մենք վերցնենք իշխանությունը, առաջին հերթին առաջին օրենքը կլինի, միասնորեն կընդունեք այն, որ քրեականորեն դատենք նրան, ով որ չի կատարի իր խոստումները»,- ապրիլի 27-ին կապանցիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Սոցիալական, առողջապահական ոլորտներին առնչվող խնդիրների մասին խոսելով, կոնգրեսականը վերլուծեց Հայաստանի ներկայիս սոցիալ- տնտեսական վիճակը: Աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացումը հնարավոր է, ըստ Բագրատյանի` սրանք զուտ խոսքեր չեն հաշվարկել են: Որևէ խնդիր չունենք 90 հազար դրամ նվազագույն աշխատավարձ վճարելու համար, նույնիսկ եռապատկելու,- նշեց նա:
Գործող վարչախմբի իշխանությունը դադարեցնելու կոչերով իր ելույթը սկսեց Գագիկ Ջհանգիրյանը: Այս ընտրությունները նախագահականի հիմք կլինեն, և ՀԱԿ-ը ցանկանում է խորհրդարան մտնել մեծամասնություն կազմելու համար ,-ասաց նա,- ուստի պետք է մայիսի վեցին միահամուռ ուժերով ճիշտ ընտրություն կատարեք: «Մենք մի խնդիր ունենք` հանրապետականին զրկել քաղաքական մենաշնորհից, որ նա ունի ազգային ժողովում, այսինքն հանրապետական կուսակցությունը չպետք է ունենա վաթսունվեց պատգամավոր: Եթե այդ մեծամասնությունից զրկվում է հանրապետականը, ապա հաջորդ ընտրություններին իշխանության խնդիրը լուծելը դառնում է շատ ավելի իրատեսական», իր խոսքը եզրափակեց Գագիկ Ջհանգիրյանը:
