Սյունիքի մարզի վթարային շենքերի թիվը տարեցտարի ավելանում է, մինչդեռ նախկինում հայտնաբերվածների վրա էլ գրեթե աշխատանքներ չեն իրականացվել։ 2012-ին կառավարությունը կրկին գումարներ չի հատկացրել վթարային շենքերի համար. կարծես թե այդ խնդիրը կամաց-կամաց դուրս է մնում կառավարության ուշադրությունից։ Վերջին անգամ 2007-ին պահուստային ֆոնդից գումարներ են տրամադրվել Սիսիանի 4-րդ աստիճանի վթարայնության Ֆիզկուլտուրնիկների թիվ 2 շենքի ամրացման նպատակով։
Մարզում սա 4-րդ աստիճանի վթարայնության միակ շենքը չէ։ Ագարակի բազմաբնակարան մեկ շենք էլ նույն կարգավիճակում է. այստեղ, սակայն, որևէ աշխատանք չի նախատեսվում իրականացնել։ Բնակիչները շարունակելու են ապրել
վախը սրտներում։ Սարսափի մեջ են նաև Կապանի Շինարարներ թաղամասի թիվ 20 շենքի բնակիչները։ Տասը տարուց ավելի է այն համարվում է 3-րդ ա աստիճանի վթարային։ Ըստ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի, դա կես քայլ հետ է 4-րդ աստիճանից։ Վերջինիս համոզմամբ, ամեն տարի էլ բյուջեն հաստատելուց առաջ վարչությունը ներկայացնում է նախարարության ուշադրությանը, սակայն ոչինչ չի փոխվում։ Մարզում 3-րդ աստիճանի վթարայության 31 բազմաբնակարան շենք կա։
Շենքերի վթարայնության աստիճանի մասին դեռևս 2003 թ. լիցենզավորված կազմակերպության ներկայացրած տվյալներն են վարչության պետի ձեռքի տակ։ Այս տարիների ընթացքում թե ինչ փոփոխություններ են կատարվել, ոչ ոք չի կարող ասել։ Կարելի է ենթադրել, որ դրանց վիճակը ավելի է վատացել։ Քաղաքաշինության վարչությունը միայն ակնադիտական ստուգումներ է իրականցնում։
Տարիներ առաջ ռմբակոծության հետևանքով 87 անհատական տներ էլ հայտնվել են վթարային վիճակում։ Անցած 20 տարիներին պետությունը նորոգել է ընդամենը 31 տուն։
