Սամվել Բալասանյանը «Մոսկվիչ» ունի

    • Հանրային թղթակից - Երեքշաբթի, 17 Ապրիլի 2012, 18:55

Մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուներն ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն պարտավոր են իրենց ունեցվածքի եւ գույքի մասին հայտարարագրեր ներկայացնել, որտեղ ներառված է լինելու թեկնածուի անունով պետական գրանցում ունեցող շարժական ու անշարժ գույքը:

Թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված թեկնածու Սամվել Բալասանյանը ներկայացրել է իր անունով շենք- շինություններ Գյումրիում, հողամաս ու անասնագոմ Ազատան համայնքում: Հետաքրքիրն այն է, որ Բալասանյանն իր հայտարարագրում ներկայացրել է մեկ ավտոտրանսպորտային միջոց` ռուսական արտադրության Մոսկվիչ 2140 մակնիշի, որը 1977 թվականի արտադրության է:

ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն ավելի «առատաձեռն» է գտնվել: Թիվ 33 ընտրատարածքում առաջադրված թեկնածուն ունի տուն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Գյումրիում, Ամասիայում եւ Աշոցքում: Ի դեպ, այս շրջաններում Աղաբաբյանը հայտարարել էր, որ մտադիր է ջայլամի բիզնես դնել: Աղաբաբյանն ունի նաեւ 5 ավտոմեքենա:

Վերջինիս մրցակից ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի բնակարանների թիվը Գյումրիում երկուսն են, ունի նաեւ հողատարածք Կոտայքի մարզում:

«Ամենաաղքատն» այս ընտրատարածքում ՀԱԿ ներկայացուցիչ Շալիկո Զորյանն է: Վերջինս ունի բնակարան Աշոցքում, Գազ 52 04 բեռնատար մեքենա: