Բալասանյանը մնաց մենակ

  • Հանրային թղթակից - Հինգշաբթի, 12 Ապրիլի 2012, 18:26

Շիրակի մարզում մեծամասնական կարգով, թիվ 35 ընտրատարածքում առաջադրված անկուսակցական Հայկ Սուլթանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ: Այսպիսով ԱԺ-ի ԲՀԿ-ական փոխխոսնակ Սամվել Բալասանյանն այլեւս մրցակից չունի:

Ինչու անկուսակցական թեկնածուն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց: Ինչպես Lragir.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայկ Սուլթանյանը, այդ քայլին գնալու 2 պատճառ է ունեցել: «Նախ, որ հաղթելու իմ շանսերը մեծ չէին, եւ հետո հոգնել եմ բոլոր տեսակ խոսակցություններից», նշեց Հայկ Սուլթանյանը:

Այն հարցին, թե ինչ խոսակցությունների մասին է խոսում, պարոն Սուլթանյանը նշեց, թե մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ինքը ձեւական է առաջադրել իր թեկնածությունը:

Նշենք, որ Հայկ Սուլթանյանն աշխատում է Բալասանյանների ընտանիքին պատկանող Գյումրու գարեջրի գործարանում: Նախկին թեկնածուն առայժմ չի որոշել՝ կշարունակի արդյոք աշխատել գարեջրի գործարանում, թե ոչ: Նշենք, որ Հայկ Սուլթանյանն աշխատում է որպես լաբորատորայի վարիչ:

Այսպիսով, Շիրակի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուների թիվը դարձավ 11: Հիշեցնենք, որ ավելի վաղ թիվ 36 ընտրատարածքում առաջադրված անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը եւս դուրս էր եկել ընտրապայքարից: