Ղրիմի նոր պատերազմը

  • Քաղաքականություն - 27 Փետրվարի 2014, 10:14
Ռուսաստանի նախագահ Պուտինը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է ստուգել կենտրոնական եւ Արեւմտյան ռազմական շրջանների զինուժի մարտական պատրաստվածությունը, ինչպես նաեւ զորքերի մի շարք այլ տեսակների պատրաստվածությունը: Տեղի են ունենում զորքի ակտիվ տեղաշարժեր, տանկային եւ այլ ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն 1000 եւ ավելի կիլոմետր մարշերի: Ոտքի է հանվել նաեւ Պսկովի դեսանտային դիվիզիան:

Ռուսաստանն ակնհայտորեն ուժ է ցուցադրում Ուկրաինայի սահմաններին:

Թիրախն, ամենայն հավանականությամբ, Ղրիմն է, որտեղ իրավիճակը սրվել է: Ռուսաստանին Ուկրաինայի մյուս ռուսալեզու մարզերը չեն հետաքրքրում: Ղրիմն ունի ռազմավարական նշանակություն Սեւ ծովում ռազմական գերիշխանության համար: Այնտեղ է գտնվում Ռուսաստանի ռազմական բազան:

Ղրիմի ռուս բնակչությունը Մոսկվայի աջակցությամբ պահանջում է առավել լայն ինքնավարություն եւ հանրաքվե, Ռուսաստանին միանալու համար: Տեղի ուկրաինացի եւ թաթար բնակչությունը դեմ է Ռուսաստանի ծրագրերին: Տեղի են ունեցել բախումներ: Ռուսաստանը աջակցում է տեղում զինված ջոկատների կազմավորմանը:

Թաթարստանի խորհրդարանի խոսնակն արդեն կոչ է հղել Ղրիմի թաթարներին, նրանց հորդորելով հանդես չգալ ռուսների դեմ: Հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարարությունը, նշելով. «Մենք ակնկալում ենք, որ բոլոր կողմերը Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ նաև թաթարներ են բնակվում, զգուշություն և զսպվածություն կցուցաբերեն»: Թուրքիան եւս հավակնություններ ունի Ղրիմի հարցում, որը կորցրել է մոտ 150 տարի առաջ:

ԱՄՆ պետքարտուղար Քերրին հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ չի դիմի ռազմական միջամտության:

Ռուսական ԶԼՄ-ները կարծիք են հայտնում, թե Ռուսաստանը Ուկրաինայի վրա ազդելու այլ լծակներ ունի, եւ դժվար թե դիմի ռազմական քայլերի, նկատի ունենալով, որ Ուկրաինան Վրաստան չէ, եւ որ Ղրիմը չունի այն ինքնավարության աստիճանը, ինչ ունեին Աբխազիան եւ Հարավային Օսիան:

Արդյոք Ռուսաստանը կդիմի ռազմական միջամտության, թե զորքերի տեղաշարժն ընդամենը ուժի ցուցադրություն է եւ զուտ իմիջային քայլ, ուշադրությունը տնտեսական ու արտաքին քաղաքական կորուստներից շեղելու միջոց:

Այս հարցերի պատասխանը կտա ժամանակը: Սակայն, ռազմական միջամտությունը Ռուսաստանի համար կլիներ կործանարար: Ուկրաինան իսկապես Վրաստան չէ, վրացիները ռազմական կարողություններով ու հմտություններով աչքի չեն ընկել: Ուկրաինան այդ դեպքում կկանգնի ազգային ազատագրական պատերազմի, որի հետեւանքներն աղետալի կլինեն Ռուսաստանի համար:

Չեչնիայում պատերազմի փորձը ցույց տվեց, որ ռուսական բանակն այնքան էլ արդիական ու արդյունավետ չէ: Չեչնիայում ռուսական բանակին դիմակայում էին սակավաթիվ ջոկատներ: Ուկրաինայում ոչ թե ջոկատներ են լինելու, այլ մարտունակ, գաղափարախոսություն ունեցող կանոնավոր ստորաբաժանումներ, եւ ռազմական գործողությունների ելքը լինելու է անկանխատեսելի: Ռազմական հնարավոր պարտությունը փլուզելու է Ռուսաստանը:

Բացի այդ, Մոսկվայի ռազմական միջամտությունը հարվածի տակ է դնելու Ուկրաինայի ռուս բնակչությանը, որն ակամա վերածվելու է հինգերորդ շարասյան: Ռուսալեզու բնակչությունը մինչ այժմ, չնայած ռուսական քարոզչությանը, որեւէ խտրականության չի ենթարկվել Ուկրաինայի իրադարձությունների ժամանակ: Չի եղել որեւէ հակառուսական դրսեւորում, ինչն ակնհայտորեն նյարդայնացնում է Մոսկվային:

Փաստացի, Մոսկվան ներկայում հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ իրադարձությունների հետագա ցանկացած զարգացման դեպքում լինելու է միակ պատասխանատուն:  

Ամենաընթերցվածը