Ռուս սահմանապահներին կհամոզե՞ն հեռանալ Հայաստանից

    • Քաղաքականություն - 03 Օգոստոսի 2013, 09:45
Ամենայն հավանականությամբ, ԵՄ հետ Հայաստանի ասոցիացիայի պայմաններից մեկն էլ այն է, որ Երեւանը հրաժարվի Ռուսաստանի սահմանապահ ծառայություններից: Այժմ, ինչպես հայտնի է, Ռուսաստանը հսկում է Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանները: Հազիվ թե ԵՄ հետ Հայաստանի ասոցիացիան հնարավոր լինի այն դեպքում, եթե Հայաստանի սահմանները օտար սահմանապահներն են պահում:

Ռուս քաղաքագետները բացահայտ ասում են, որ Ռուսաստանը պահպանում է ոչ թե Հայաստանի, այլ ԱՊՀ արտաքին սահմանները: Այսինքն, Հայաստանը ոչ թե ինքնիշխան երկիր է, որն ինքնիշխան սահմանային հարաբերություններ ունի հարեւանների հետ, այլ ԱՊՀ քաղաքական միության մաս: Ի դեպ, ԱՊՀ անդամ է նաեւ Ադրբեջանը: Իսկ դա ենթադրում է, որ եթե ԵՄ-ը Հայաստանի հետ ասոցիացիա է ցանկանում, պետք է պահանջի, որպեսզի Հայաստանի սահմանները պահպանի ոչ թե Ռուսաստանը, այլ Հայաստանը, կամ եվրոպական ուժերը:

Այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Թերեւս, Ռուսաստանին այդ մասին ասվել է: Հնարավոր է, նաեւ այդ կետի պատճառով Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հրապարակել ԵՄ հետ ասոցիացիայի տեքստը:

Այս ֆոնին, հայ-թուրքական սահմանային միջադեպը, երբ ռուս սահմանապահները գնդակահարել են թուրք հովվին, նման է սադրանքի՝ ընդդեմ հայ-թուրքական սահմանը Եվրոպայի «իրավասության» տակ դնելու:

Պետական սահմանների պաշտպանությունը երկրի ինքնիշխանության կարեւոր պայմաններից մեկն է, եւ որեւէ միության հետ ասոցիացիայի որոշում ընդունող ինքնիշխան երկիրը չի կարող թույլ տալ, որ իր սահմաններն այլ երկիր պաշտպանի: Դա նոնսենս կլիներ Հայաստանի համար, եւ հենց դրանից է թերեւս ամենաշատ վախենում Ռուսաստանը, երբ իր սահմանապահները ստիպված կլինեն հեռանալ «ԱՊՀ սահմաններից»:

Հայաստանը կարող է մնալ ՀԱՊԿ ռազմական բլոկում, կարող է չազգայնացնել ռազմավարական ենթակառուցվածքները, որոնք տրվել են Ռուսաստանին, սակայն Հայաստանը եւ Եվրամիությունը չեն կարող լինել ասոցիատիվ հարաբերություններում, եթե Հայաստանի եւ Թուրքիայի, որը ԵՄ Մաքսային միության անդամ է, սահմանը հսկում է Ռուսաստանը:

Ռուսաստանի սահմանապահները Հայաստանի անվտանգության երաշխիք չեն, եթե Թուրքիան պատերազմ սկսի Հայաստանի դեմ: Չկա որեւէ հիմք ենթադրելու, որ Թուրքիայի հարձակման դեպքում Ռուսաստանը դա կընդունի որպես ոտնձգություն ԱՊՀ-ի դեմ եւ պատերազմի մեջ կմտնի Ռուսաստանի հետ: Եւ չկա առիթ մտածելու, որ Թուրքիան Հայաստանի վրա չի հարձակվում միայն այն պատճառով, որ Հայաստանի սահմանը հսկում է Ռուսաստանը:

Ամենաընթերցվածը