Տրակտորների տիրակալը Ղարաբաղի մասին

    • Քաղաքականություն - 18 Հունիսի 2013, 17:57
Ուկրաինական Իզվեստիա պորտալի հետ հարցազրույցում, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն մի քանի հետաքրքրաշարժ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի խնդրի կապակցությամբ: Նա հայտարարել է, որ Ուկրաինային առաջարկել է լինել խնդրի կարգավորման միջնորդ:

«Լեռնային Ղարաբաղ, ինչ է այն ներկայացնում, ինչպես են այնտեղ մարդիկ ապրում, որտեղ են աշխատում: Այնտեղ կարգին կյանք չկա: Ես հասկացել եմ, այդ խնդիրը պետք է լուծել: Խոսել եմ մի նախագահի հետ, մյուսի հետ: Բացատրել եմ, որ իրավիճակը երկար այդպես շարունակվել չի կարող: Հայերը ինձ հետ համաձայնեցին, Իլհամ Ալիեւի հետ եմ խոսել, նա ասաց, որ նույնպես դեմ չէ: Թեեւ ես ատում եմ միջնորդի դերը: Ես այդ դերի համար առաջարկել եմ Ուկրաինային, բայց նրանք չուզեցին», Լուկաշենկոյին մեջբերում է Ռեգնումը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է: Այն Բելառուսի, որը ՀԱՊԿ անդամ է եւ որը սպառազինություն է վաճառում Ադրբեջանին՝ Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկին, ընդ որում ագրեսիվ կողմերից մեկին: Բելառուսը հանդիսանում է Ադրբեջանին զենք վաճառող հիմնական երկրներից մեկը, թեեւ Հայաստանի հետ միեւնույն ռազմա-քաղաքական պաշտպանական դաշինքի անդամ է:

Եվ ահա Ադրբեջանին զենք վաճառող Բելառուսի նախագահը հայտարարում է, թե Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի: Նույնիսկ միջնորդներ է փնտրում հակամարտությունը լուծելու համար:

Չի բացառվում, որ Լեւկաշենկոն օրինակ Աբովյանում մասնակցելով իր ընկեր Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացմանը, նույնիսկ աղոթել է, որ Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի: Թեեւ հնարավոր է նաեւ հակառակը՝ Լուկաշենկոն աղոթել է, որ հակամարտությունը չկարգավորվի, եւ Բաքուն մշտապես լինի բելառուսական զենքի հաճախորդը:

Լուկաշենկոյին դժվար է հասկանալ: Դժվար է հասկանալ օրինակ, թե ինչից ելնելով է նա դատողություններ անում ղարաբաղյան կյանքի մասին: Նա եղե՞լ է Արցախում: Նա շփվե՞լ է արցախցիների հետ, հարցուփորձ արե՞լ է նրանց, թե ինչ պատկերացումներ ունեն կյանքի եւ ընդհանրապես հակամարտության կարգավորման հեռանկարների մասին:

Եթե այո, ապա ինչու է ամենազոր «Բատկան», որ Պուտինին է անգամ հաթաթա տալիս, էլ չասած Ամերիկայի ու Եվրոպայի մասին, վախենում հայտարարել, որ այցելել է Արցախ: Որ Բաքուն զենքի պայմանագրերից չհրաժարվի՞:

Իսկ եթե չի եղել նա Արցախում, ապա ում եւ ինչ պատմություններով է դատողություն անում այնտեղ կյանքի «կարգին» լինելուց կամ չլինելուց:

Եթե Լուկաշենկոն շատ է մտածում Արցախի մասին, ապա հակամարտության միջնորդ փնտրելու փոխարեն, կարող է ասենք մի քանի տասնյակ տրակտոր հատկացնել Արցախի գյուղերին՝ ընդ որում առանց միջնորդի, որովհետեւ Արցախը «Բարգավաճ Արցախ» կուսակցության կարիք չունի:

Ոչինչ, թող Բաքվին տանկ տա, իսկ Արցախին՝ տրակտոր: Միեւնույն է, արցախցին տրակտորն ըստ նշանակություն կօգտագործի խաղաղության ժամանակ, եւ տանկի կամ զրահագնացի կվերածի պատերազմին:

Հակառակ դեպքում, Արցախի մասին դատողությունների փոխարեն, Լուկաշենկոն թող շարունակի տրակտորներով սնուցել Հայաստանի ներքաղաքական կյանքը, իսկ Արցախն իր կյանքի մասին մի կերպ կհոգա առանց նրա:

Ամենաընթերցվածը