ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Մոսկվայի Խամովնիչեսկյան շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել «Pussy Riot» խմբի անդամներին, որոնք դատարանի բնորոշմամբ «…կատարել են խուլիգանական արարք, այսինքն` խախտել են հասարակական կարգը` արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության հանդեպ»:
Խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալյոխինան և Եկատերինա Սամուցևիչը և չբացահայտված էլի մի քանի հոգի ս/թ փետրվարի 21-ին դիմակավորված, հասարակական վայրին ոչ հարիր հագուստով ներխուժել են Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցի, մոտեցել են խորանին և «ձայնագրող սարքի օգնությամբ մոտ մեկ րոպե բարձրաձայնել են ներկաներին վիրավորող հայհոյախոսություններ»:
Ինչպես ասված է դատավճռում, «ընդհանուր առմամբ այդ արարքով մեղադրյալները բացահայտ և ոչ երկիմաստ արտահայտել են իրենց կրոնական ատելությունը քրիստոնեության նկատմամբ:
Դատավճռում նշվում է, որ աղջիկների արարքը զուրկ է եղել բարոյականությունից, ունեցել է հասարակությանը հակադրվելու և տաճարում ընդունված վարքականոնը ոտնահարելու միտում:
Նշենք, որ դատական վարույթի ընթացքում պետական մեղադրող կողմը պահանջել է մեղադրյալներից յուրաքանչյուրի համար 3 տարվա ազատազրկում:
Այս դատավճռին, սակայն, համաձայն չէ Խամովնիչեսկյան շրջանի դատարանի մոտ հավաքված բազմությունը, որի անհամաձայնությունը վերաճել է չարտոնված տարերային ցույցի:
Այդ հանպատրաստից միջոցառման ընթացքում հնչել են տարբեր քաղաքական պահանջներ, ընդհուպ մինչև նախագահ Պուտինի հրաժարականը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, ոստիկանությունը ձերբակալել է ցույցի առավել ակտիվ մի շարք մասնակիցների, որոնց թվում նաև` Գարրի Կասպարովին, որը հայտարարել է, թե չի հասկանում իր ձերբակալության պատճառը:
Այսօր դատարան են եկել ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչներ, լրագրողներ և հասարակական գործիչներ, որոնց թվում են` պատգամավոր Դմիտրի Գուդկովը, բլոգեր Ալեքսեյ Նավալնին, լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը, գրող Դմիտրի Բիկովը և ընդդիմադիր Վլադիմիր Ռիժկովը:
Ընդդիմադիր գործիչների կարծիքով այս դատը վճիռ է քաղաքացիական հասարակության դեմ:
