Սիրիայի իշխանությունները զգալի ուժեր են կենտրոնացնում Հալեպ քաղաքի մերձակայքում վճռական գրոհ սկսելու համար, գրում է Ֆրանս Պրեսը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Պաշտպանության նախարարության մոտ կանգնած աղբյուրը փոխանցել է գործակալությանը, որ «Չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերի ընթացքում քաղաքի ծայրամասերում հավաքվում են հատուկ ջոկատայինները, զորքերը: Հարձակումը կսկսվի կամ ուրբաթ կամ էլ շաբաթ օրը»:
Նրա խոսքով, Դամասկոսում գիտեն, որ ապստամբները եւս թարմ ուժերով են համալրվում: Որոշ գնահատականների համաձայն, Հալեպ է ժամանել 2000 գրոհային: Նրանք նույնպես պատրաստվում են անխուսափելի գրոհին:
Սպասվում է, որ հիմնական մարտերը կծավալվեն երկրի հարավային եւ արեւելյան հատվածներում, որոնք գտնվում են զինված ընդդիմության վերահսկողության տակ:
Հալեպը մեծությամբ Սիրիայի երկրորդ քաղաքն է եւ գլխավոր ֆինանսական կենտրոնը: Այստեղ հաղթանակը մեծ նշանակություն ունի երկու կողմերի համար էլ:
