Սիրիայի կառավարական զորքերի հրամանատարությունը ավարտում է նախապատրաստական աշխատանքները` Հալեպի վրա լիակատար վերահսկողությունը վերականգնելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Հալեպից մի քանի տասնյակ կիլոմետր հարավ և արևելք նկատվում են զորքերի կազմակերպված շարասյուներ, այդ թվում մոտորացված, որոնք, ենթադրվում է, սկսել են քաղաքի վրա գլխավոր հարձակումը, որի մի քանի թաղամասեր գտնվում են զինված ընդդիմության վերահսկողության տակ»,-հաղորդում է ռադիոն:
Միևնույն ժամանակ արևմտյան վերլուծաբանները հաղորդում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի շրջապատն «արագ վերականգնվել է» հզոր հարվածից հետո, որն ընդդիմությունը հասցրել էր հուլիսի 18-ին Դամասկոսում իրականացրած պայթյունի ժամանակ, որի հետևանքով զոհվել էին Սիրիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Փորձագետների տեղեկությունների համաձայն` Բաշար Ալ-Ասադը ստեղծել է հրամանատարական նոր ուժ` իր եղբոր` Մահեր Ալ-Ասադի գլխավորությամբ, որը պայքարելու է զինված ընդդիմության դեմ: Սրա վառ ապացույցն այն է, որ Ասադը կարողացավ վերահսկողություն հաստատել Դամասկոսում և այնտեղից դուրս հանել զինված ընդդիմության խմբավորումներին: Այժմ կառավարական ուժերն իրենց գործողություններն են սկսել Հալեպում:
