Երեւանում ռուսաստանցի փորձագետներ են, որոնք ասուլիս են տալիս եւ հայտարարում, թե Հայաստանը պետք է խստացնի իր դիրքորոշումը սիրիական հարցում եւ կտրուկ հանդես գա այդ երկրում որեւէ ռազմական միջամտության դեմ:
Ռուսաստանցի փորձագետների հայաստանյան պարբերական «հյուրախաղերը» նորություն չեն: Նրանք գալիս են եւ նոր խաղեր առաջարկում Հայաստանին: Բայց, որպես կանոն, Հայաստանին այդ խաղերում վերապահվում է ոչ թե խաղացողի, այլ գնդակի դերը:
Հիմա էլ, ռուսները փորձում են Հայաստանը վերածել Արեւմուտքի դարպասն ուղարկված գնդակի: Ըստ երեւույթին, դրա համար են հաճախակիացել Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների, Պետդումայի երկու պալատների նախագահների այցերը Հայաստան:
Հայաստանն, ըստ ամենայնի, դիմադրում է, հասկանալով, որ այստեղ Հայաստանի պետական շահը պահանջում է բոլորովին այլ դիրքորոշում, եւ Սիրիայում իրավիճակի ծավալման վրա ազդելու անիմաստ եւ հենց սկզբից ակնհայտորեն անօգուտ փորձի փոխարեն, անհրաժեշտ է մի շարք օգտակար քայլեր անել այդ երկրում սիրիահայ համայնքին օգնելու, անհրաժեշտւթյան դեպքում Հայաստան ներգաղթն արդյունավետ ծավալելու համար:
Բայց, ռուսական պլաններն ըստ երեւույթին այլ են: Օրինակ, միգուցե այդ պլանների մեջ է մտնում ոչ թե արդյունավետ ներգաղթ կազմակերպելը, այլ դրան հնարավորինս արդյունավետ խոչընդոտելը՝ ասենք ավիատոմսերի գնի բարձրացման, կամ չվերթերի ինտենսիվությունը համառորեն չավելացնելու տեսքով: Այդ հարցում կարծես թե հետաքրքրական դեր է կատարում Արմավիան, որը Հայաստանի Ազգային ավիափոխադրողն է եւ որը բավական զգալի պարտքեր ունի Ռուսաստանին, իսկ վերջերս էլ խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ Արմավիան կարող է վաճառվել ռուսներին:
Վերջին շրջանում բավական հետաքրքրական դիրքորոշումներ սկսեցին արտահայտվել նաեւ քաղաքական դաշտից: Օրինակ, ՀՅԴ բյուրոյի ղեկավար Հրանտ Մարգարյանը մեկնեց Սիրիա եւ այնտեղից հայտարարեց, թե պետք է ձեռնարկել քայլեր հայկական համայնքն այնտեղ պահելու համար:
Թվում է, որ երբ երկրում լուրջ պատերազմ է եւ կա մարդկանց կյանքին անմիջականորեն սպառնալու վտանգ, խնդիրը պետք է լինի մարդկանց պատերազմի գոտուց հնարավորինս հեռացնելը, առնվազն մինչեւ պատերազմի ավարտն ու կայունության հաստատումը: Էլ չասած այն մասին, որ սիրիահայ համայնքը ունի պետություն-հայրենիք, որտեղ կարող է ոչ միայն պաշտպանվել, այլ նաեւ գալ ու շտկել տնտեսական ժողովրդագրական ծանր վիճակը:
Բայց չգիտես ինչու, եւ չգիտես ինչպես, հրապարակ է բերվում սիրիահայերին Սիրիայում պահելու մի գաղափար, որի շարունակությունը կարծես թե լինելու է այն, որ քրիստոնյա հայ համայնքն էլ Սիրիայում է ինչ որ մեկի համար վերածվելու է խաղի գնդակի, կամ պատանդի:
Եվ երբ ռուսաստանցի փորձագետները հայաստանյան հերթական «հյուրախաղերի» ժամանակ Երեւանին խորհուրդ են տալիս մտնել սիրիական խաղի մեջ, ապա կարծես թե զգալիորեն պարզ է դառնում, թե ինչպես է շրջանառության մեջ հայտնվել Սիրիայից հայերի արտագաղթ թույլ չտալու գաղափարը, սիրիահայ համայնքի կայունության եւ անվտանգության գաղափարը, որ արդեն Հայաստանի հանրային հեռուստաքարոզչությամբ է մատուցվում:
Մինչդեռ, Հայաստանի համար խնդիրը շարունակում է մնալ ոչ միայն խաղի մեջ չմտնելը՝ այն էլ որպես գնդակ, այլ այդ խաղից նաեւ սիրիահայերին դուրս բերելը, որովհետեւ նրանք արդեն ոչ թե գնդակ կարող են դառնալ, այլ գնդակի զոհ: Ընդ որում, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Սիրիայում պատերազմով ոչ թե ամեն ինչ վերջանալու է, այլ դեռ նոր է միայն սկսվելու, եւ կասկած չկա, որ Սիրիան դառնալու է երկրորդ Իրաք կամ Լիբանան:
Հասկանալի է, որ հայկական համայնքի տունն է Սիրիան, եւ առնվազն մարդկայնորեն շատ դժվար է կտրվել տնից: Բայց տունը չի կարող լինել ինքնանպատակ, որովհետեւ տունը կյանքով է գեղեցիկ եւ հաճելի, իսկ Սիրիան որպես կյանքի տուն դառնում է շատ վտանգավոր, հատկապես քրիստոնյա հայության համար:
Իսկ Ռուսաստանն իր աշխարհաքաղաքական վտանգները թող փորձի այս անգամ հոգալ առանց հայերի:
