Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու եւ Սիրիայի ներքին գործերին միջամտելու մեջ: Այս մասին նա ասել է «Ջումհուրիյեթ» թերթին տված հարցազրույցում:
«Բարեկամության եւ եղբայրության անվան տակ Էրդողանը փորձել է միջամտել մեր ներքին գործերին: Սակայն դա միայն սկիզբն էր: Այժմ նա Թուրքիային մասնակից է դարձրել Սիրիայի արյունալի գործընթացներին եւ աջակցություն է ցույց տալիս ահաբեկիչներին»,-ասել է Ասադը:
Սիրիայի նախագահը հավաստիացրել է, որ թույլ չի տա միջամտել իրենց ներքին գործերին, ինչպես նաեւ հիշեցրել է այն փաստը, որ ժամանակին մուսուլմաններին միասնության կոչ արած Էրդողանը փչացրել է հարաբերությունները ոչ միայն Սիրիայի, այլեւ Լիբանանի, Իրաքի եւ Իրանի հետ:
