Հայկական մասս-մեդիան գործնականում չեն անդրադառնում Ղարաբաղի նախագահական ընտրություններին՝ արդյունքը կամ կանխորոշված համարելով, կամ էլ կորցնելով հետաքրքրությունը Ղարաբաղի խաղաղ կյանքի նկատմամբ: Ըստ ամենայնի, Հայաստանը «միացել է» սփյուռքին, որը Ղարաբաղին մշտապես վերաբերվում էր որպես «սրբության», որին պետք է պահպանել եւ ժամանակին «քաղհանել», որպեսզի հանկարծ հայրենասիրության մարմարի միջով կենդանի ծիլ չանցնի:
Իսկ մինչ այդ, Ղարաբաղում նախընտրական արշավը թափ է հավաքում եւ սպառնում է կրկին ԼՂՀ-ին առաջ անցնել Հայաստանից ժողովրդավարության մրցապայքարում: Եվ նույնիսկ եթե նախագահ ընտրվի Բակո Սահակյանը, Ղարաբաղում, ըստ ամենայնի, լիակատար հիպնոսի մթնոլորտը կահնետանա:
Ահա արդեն մի քանի տարի է այդ մթնոլորտը սողոսկում է երկրի կյանքի բոլոր ոլորտներ՝ տնտեսությունից մինչեւ մարդու իրավունքներ: «Այլ» կարծիքի տերն այստեղ «ուղարկված» է համարվում, սեփական նախաձեռնությամբ առաջադրվելը դիտարկվում է որպես դավաճանություն եւ միասնականության խախտում, իսկ ճշմարտությունը համարվում է կայունության գլխավոր սպառնալիք:
Եվ ահա այդ կայուն պսեւդոիրականությունում հանկարծ հայտնվում է մեկը, ով հայտարարում է, որ Ղարաբաղի տնտեսությունը մենաշնորհված է մի քանի ընտանիքների կողմից, որ խոսքի ազատությունը ճնշվում է, որ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրս է կիրառվում, որ Ղարաբաղին ակտիվ արտաքին քաղաքականություն է պետք: Կայունությունը խախտվել է, սակայն հիպնոսի նախկին մեթոդները չեն գործում: Վիտալի Բալասանյանին դժվար է մեղադրել «լրտեսության» մեջ, քանի որ նա Արցախի հերոս է, մարտական գեներալ: Դժվար է նրան մեղադրել կայունության խախտման մեջ, որովհետեւ ընտրություններն այն բանի համար են, որպեսզի մարդիկ ցույց տան իրենց մրցակիցների թերությունները:
Սակայն, ամենագլխավորն այն է, որ նախընտրական հանդիպումների ժամանակ պարզվում է, որ մարդիկ պարզապես կանգնած են մեկնարկին, որպեսզի խախտեն պսեւդոկայունությունը: Նրանք ցանկանում են, որպեսզի Ղարաբաղում պետական միջոցներով կառուցված տները վաճառվեն ոչ թե առեւտրային բանկերի միջոցով տրված վարկերով, այլ թեկուզ շուկայական գներով: Ցանկանում են, որ բանակում 25 տարի ծառայելուց հետո կարելի լինի ոչ մեծ գործ դնել եւպահել ընտանիքը: Ցանկանում են, որպեսզի նորմալ ԱԳ նախարար ունենան, ով ապրեր 2012թ, այլ ոչ թե 1988 թ:
Ղարաբաղում նախորդ նախագահական ընտրությունները նույնպես իրական այլընտրանքային են եղել: Մասիս Մայիլյանը կարողացել է շատերի համար ընդունելի կերպար ստեղծել: Նա այնքան անթերի էր, որ մրցակիցները որպես նրա միակ «թերություն» նշում էին երիտասարդությունը եւ «գլամուրը»:
Իսկ 2004 թ Ղարաբաղում իրական ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել, երբ Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր թեկնածու (այն ժամանակ ընդդիմադիրները լրտես չէին համարվում) Էդուարդ Աղաբեկյանը:
Այժմ Էդուարդ Աղաբեկյանը, Մասիս Մայիլյանը եւ Վիտալի Բալասանյանը մի թիմում են, եւ դա Ղարաբաղում մեծ ուժ է: Եթե դրան գումարենք ճահճից դուրս գալու եւ նոր կյանք սկսելու մեծամասնության ցանկությունը, կարելի կլինի հուսալ, որ Ղարաբաղում հետաքրքիր ընտրություններ կլինեն: Լավագույն արդյունքը, թերեւս, կդառնա երկրորդ փուլը, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա իր ընտրությունը կատարել:
Սակայն այն, որ հաջողվել է միավորել երեք քաղաքական գործիչների ուժերը, որոնք հիպնոսի տակ չեն ընկել (կամ էլ ժամանակին կարողացել են դուրս գալ), խոսում է այն մասին, որ փոփոխությունների անհրաժեշտությունը հասունացել է: Եվ եթե այդ թիմին հաջողվի Ղարաբաղում հաղթանակի հասնել, գործընթացը կարող է տեղափոխվել Հայաստան, ինչն արդեն բազմիցս եղել է:
