Օսկանյան. Փակուղին այսքան խորը չի եղել

  • Քաղաքականություն - 28 Հունիսի 2012, 14:33

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Էշթոնի հայտարարությանը նախորդել էր մեքսիկական Լոս Քաբոսում Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որի դիվանագիտական ձեւակերպումները, ինչպես նկատեց առաջին նախագահն իր վերջին ելույթում, բավական խիստ էին եւ էապես տարբերվում էին նախորդ՝ լ'Ակվիլայի (2009թ.), Մուսկոկայի (2010թ.) եւ Դովիլի (2011թ.) հայտարարություններից:

Այսօր ակնհայտ է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է: Ես չեմ հիշում մի ժամանակ, երբ փակուղին այսքան խորը լիներ: Ստեղծված իրավիճակի պատճառները երկուսն են.

Նախ, այսօր սեղանի վրա չկա մի փաստաթուղթ, որը բոլոր կողմերն ընդունեն որպես բանակցային հիմք: Սա լուրջ պրոբլեմ է: Վեճը գնում է փոփոխված երեք տարբեր փաստաթղթերի շուրջ. Սոչիի փաստաթուղթ, որ բացարձակապես անընդունելի է Հայաստանի համար, Սանկտ Պետերբուրգի փաստաթուղթ, որ բացարձակապես անընդունելի է Ադրբեջանի համար, եւ Կազանի փաստաթուղթ, որը նույնպես անընդունելի է Ադրբեջանի համար: Սա բնականաբար բանակցությունները շարունակելու լուրջ խոչընդոտ է:

Երկրորդ, փակուղու պատճառ է նաեւ այն, որ այս տարիների ընթացքում չհամաձայնեցված խնդիրներն ավելացել են: Կազանից հետո շրջանառության մեջ են Ադրբեջանի առաջարկած տասը փոփոխությունները, որոնք անընդունելի են հայկական կողմի համար:

Այսօր միջնորդների խնդիրն է (հավանաբար Քլինթոնն իր այցելության ընթացքում փորձել է դա անել), որ կողմերը վերջիվերջո փաստաթղթերից մեկն ընդունեն որպես բանակցային հիմք: Բացի այդ, շատ տրամաբանական է ենթադրել, որ Քլինթոնը Բաքվում Ադրբեջանին առաջարկել է հրաժարվել նրա առաջարկած տասը կետերի մեծ մասից (8-9-ից), իսկ հայկական կողմին Երեւանում խնդրել ընդունել դրանցից գոնե մեկը կամ երկուսը:

Իմ խորին համոզմամբ՝ Քլինթոնը Հայաստանից ձեռնունայն է գնացել, քանի որ Հայաստանը չէր կարող նոր բան ավելացնել Կազանում արդեն ընդունածի վրա:

Կարծում եմ՝ հայկական կողմի բանակցային թերացումը եղել է այն, որ ժամանակից շուտ եւ պետք եղածից շատ համաձայնել է իր զիջումների բաժնին՝ առանց վստահ լինելու, որ Ադրբեջանն էլ արած կլինի իր առավելագույն զիջումները: Ի դեպ, բանակցային նույն սխալը թույլ է տրվել նաեւ հայ-թուրքական գործընթացում:

Ահավասիկ, ստեղծված այս իրավիճակն է պատճառը, որ միջնորդներն իրենց իրավունք են վերապահում հավասարապես մեղադրանք դնել կողմերի վրա, երբ ակնհայտորեն Ադրբեջանն է, որն իր ծայրահեղ պահանջներով խոչընդոտում է ինչպես բանակցային գործընթացը, այնպես էլ ռազմատենչ հայտարարություններով եւ սահմանային ոտնձգություններով վտանգում փխրուն խաղաղությունը»: