Եգիպտոսում քրեկան գործ են հարուցել երկրի նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Ահմեդ Շաֆիկի նկատմամբ, որից հետո քաղաքական գործիչը լքել է երկիրը: Այս մասին գրում է The Times-ը:
Տարածված խոսակցությունների համաձայն, Շաֆիկը հեռացել է Սաուդյան Արաբիա, սակայն այս տեղեկությունը հերքել են նրա կողմնակիցները: Ինչպես հայտնում է Ալ-Ահրամը, նրանք վստահեցնում են, որ Շաֆիկը մեկնել է Սաուդյան Արաբիա` ումրայի (փոքր հաջի` ուխտագնացության), իսկ վերադառնալուն պես մտադիր է ստեղծել կուսակցություն:
Շաֆիկի նկատմամբ հետաքննությունը վերաբերում է 2002-2011թթ. ժամանակահատվածին, երբ նա գլխավորել է Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը:
2011 թվականին` հեղափոխության ընթացքում, նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը նրան նշանակել էր կառավարության ղեկավար և հանձնարարել պատրաստել քաղաքական բարեփոխոււմների փաթեթ:
Շաֆիկը հեղափոխությունից հետո հեռանում է իր պաշտոնից, որից հետո քաղավիացիայի նախարարության և EgyptAir ընկերության աշխատակիցները նրան սկսեցին մեղադրել կոռուպիցայի և փողերի յուրացման մեջ: Նրանց հայցի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ, որը 2011 թվականի մայիսին փոխանցվել է դատախազություն:
