Ինչ է ուզել պաշտոնական Երեւանը

    • Քաղաքականություն - Երկուշաբթի, 25 Հունիսի 2012, 15:07

Ինչպես հայտնում է Ռեգնումը, BNS լրատվական գործակալությանը Երեւանից տված հեռախոսային հարցազրույցի ընթացքում, Հայաստան պաշտոնական այց կատարած Լիտվայի պաշտպանության նախարար Ռասա Յուկնևիչիենեին ասել է. “Այդ այցի հանդեպ շատ մեծ էր Հայաստանի հետաքրքրությունը: Նրանք բոլոր ջանքերը գործադրեցին, որպեսզի այն կայանա, չնայելով, որ Լիտվայում նախընտրական տարի է, եւ ես պետք է շատ ժամանակ անցկացնեմ Սեյմում: Դրա համար էլ այցը կայանում է հանգստյան օրերին, եւ դա ի ցույց է դնում ՆԱՏՕ-ի ու Եվրամիության պետությունների հետ գործակցելու Հայաստանի մեծ ցանկությունը եւ ուշադրությունը”:

Թերեւս գաղտնիք չէ, որ Մերձբալթյան երկրները՝ մասնավորապես Լիտվան եւ Լատվիան, Հայաստանի համար հանդիսանում են ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ աշխատանքի հիմնական խողովակներից մեկը: Բանն այն է, որ ոչ միշտ է հնարավոր բարձր մակարդակի փոխայցերով անմիջական շփումների մեջ լինել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարների հետ, կամ այդ կառույցներում առաջատար դեր ունեցող երկրների առաջնորդների հետ: Իսկ մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակի շփումներն անշուշտ անհամեմատելի են այդ մակարդակի շփումների հետ:

Այդ իրավիճակում օգնության են գալիս հավելյալ խողովակները, այդ թվում Մերձբալթյան երկրների հետ շփումները, որոնք ՆԱՏՕ-ի, Եվրամիության, դրանցում առաջատար դեր ունեցող պետությունների ղեկավարների մակարդակ չեն ապահովում, բայց նաեւ զգալիորեն բարձր հաղորդակցություն են ապահովում, քան դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը:

Այդ իմաստով, Լիտվայի նախարարի հարցազրույցը վկայում է, որ նրա այցը եւ հանդիպումը Հայաստանի իշխանության հետ շատ է անհրաժեշտ եղել Երեւանին: Հետաքրքիր է, թե ինչ ուներ պաշտոնական Երեւանը ՆԱՏՕ-ին փոխանցելու, նկատի ունենալով, որ խոսքը պաշտպանության նախարարի այցի մասին է:

Ուշագրավ է, որ այդ այցը տեղի է ունենում այն օրերին, երբ Հայաստանի պետական կառավարման համակարգում պետք է տեղի ունենա սեպտեմբերին մեր երկրում կայանալիք ՀԱՊԿ զորավարժության եռօրյա հրամանատարաշտաբային փուլը: Հայաստանի պաշտպանության նախարարն օրերս հայտարարել էր, որ փուլն անցկացվելու է հունիսի 25-27-ը` հետևյալ թեմայով. «Ռազմապետական ղեկավարման համակարգի ծավալումը պատերազմական ժամանակաշրջանում և ագրեսիայի հետ մղման հիմնական միջոցառումների կազմակերպումը»:

Սեյրան Օհանյանը բոլոր պետական մարմինների ղեկավարներին խնդրեց համապատասխան ցուցումներ տալ` նախապատրաստվելու այս միջոցառմանը: Ըստ նրա` դա Հայաստանը կբերի բարձր մարտական պատրաստության: «Դրա ֆոնի ներքո մենք նախապատրաստելու ենք համապատասխան հրամանագրեր` ռազմական դրության բերման, զորահավաքի անցկացման, ագրեսիայի դիմագրավման: Եվ նաև կլինի Հայաստանի նախագահի դիմումը ՀԱՊԿ ղեկավարությանը` մեզ աջակցելու ուղղությամբ, որպեսզի նախապատրաստվեն և 25-26-27-ին պատշաճ կերպով մասնակցեն այդ փուլին», ասել էր Սեյրան Օհանյանը:

Չի բացառվում, որ Հայաստանն այդ իմաստով անհրաժեշտություն է ունեցել նաեւ որոշակի հաղորդակցություն ունենալ ՆԱՏՕ-ի հետ, ընդ որում ավելի բարձր մակարդակով, քան դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը:

Մյուս կողմից, այդ ընթացքում տեղի են ունենում նաեւ մի քանի այլ կարեւոր իրադարձություններ, մասնավորապես սրվում է իրավիճակը սիրիական ուղղությամբ, Սիրիայի զինուժը թուրքական կործանիչ է խփում, իսկ ՆԱՏՕ անդամ Թուրքիան հայտարարում է խիստ պատասխան տալու մասին:

Այնպես որ, ՆԱՏՕ հետ որոշակի մակարդակում հաղորդակցությունը պաշտոնական Երեւանի համար ներկայում թերեւս ունի մի շարք շարժառիթներ:

Ընդհանուր առմամբ, խնդիրն իհարկե ունի առավել լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ եւ տեղավորվում է վերջին շրջանում Արեւմուտքի հետ հարաբերությունը խորացնելու եւ ամրապնդելու Հայաստանի քաղաքականության տրամաբանության մեջ: Վերջին հաշվով, համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումները հուշում են, որ այդ խորացումը Հայաստանի համար այլընտրանք չունի, պարզապես այն արդյունավետ դարձնելու համար Հայաստանը պարտավոր է խորացնել նաեւ ներքին բարեփոխումները եւ դրանով իսկ ապահովել իր ինքնիշխանության անհրաժեշտ մակարդակը, որպեսզի Հայաստանի պետական քաղաքականությունը չնմանվի ընդամենը ռուսական հովանոցից արեւմտյանին անցնելու պարզունակ գործընթացի, կամ այդ հովանոցների միջեւ “ճեմելու” փորձի: Առավել եւս, որ այդօրինակ փորձերը ոչ միայն պարզունակ են, այլ նաեւ շատ վտանգավոր:

Պաշտոնական Երեւանի ընտրության ելակետը պետք է լինի Հայաստանի պետական շահի սպասարկումը, ինչը պահանջում է արդիականացում, մրցունակության բարձրացում, ռազմական եւ քաղաքացիական տեխնոլոգիաների ու արժեքների էական թարմացում, վերաձեւակերպում եւ առնվազն դիվերսիֆիկացիա:

Հայաստան-ՆԱՏՕ, կամ ընդհանրապես Հայաստան-Արեւմուտք փոխհարաբերությունը Հայաստանի պետական շահի համար արժեքավոր կարող է լինել այդ տեսանկյունից: