Օլանդն ընդունել է կառավարության հրաժարականը

  • Քաղաքականություն - 18 Հունիսի 2012, 17:58

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկուշաբթի ընդունել է Ժան-Մարկ Էյրոյի կառավարության հրաժարականը և հանձնարարել է ձևավորել նոր կաբինետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:

Հունիսի 17-ին կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, Սոցիալիստական կուսակցությունը և նրա կողմնակիցները զբաղեցրել են Ազգային ժովողի 577 տեղից 314-ը` խորհրդարանում ապահովելով բացարձակ մեծամասնություն: 

Նախագահը Էյրոյին հանձնարարվել է ձևավորել նոր կառավարություն, որը զարմանալի չէ՝ հաշվի առնելով ընտրություններում կառավարող կուսակցության հաջողությունները: Սպասվում է, որ նոր կառավարության կազմը հայտարարվելու է Ֆրանսուա Օլանդի` Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում G20 և Ռիո դե Ժանեյրոյում «Ռիո+20» գագաթնաժողովներից վերադառնալուն պես:

Ֆրանսիական ԶԼՄ-ները ենթադրում են, որ նախարարների նոր կաբինետը դժվար թե էապես տարբերվի նախորդից:

Ամենաընթերցվածը