Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդն աջակցում է Վարդան Օսկանյանին

  • Քաղաքականություն - 16 Հունիսի 2012, 18:30

Այսօր Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդը աջակցության նամակ է հղել «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին: Նամակում մասնավորապես ասվում է.

«Մտահոգությամբ հետևում ենք «Սիվիլիթաս» հիմնադրամի և անձամբ Ձեր նկատմամբ ՀՀ ԱԱԾ գործողություններին և վարկաբեկման փորձերին:

Անկախ դատական համակարգի բացակայության պայմաններում իրավապահ մարմինների նման աչառու գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիների և ընդհանրապես հայկական պետականության համար:

Մենք համոզված ենք Ձեր ազնվության և օրինապաշտության մեջ: Դեպքերի ժամանակագրությունն ակնհայտորեն երևակում է գործի քաղաքական աստառը: 

Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդը աջակցություն է հայտնում Ձեզ և «Սիվիլիթաս» հիմնադրամին:

Զորակցելով Ձեզ այս հարցում` մենք նպատակ ունենք նպաստել ՀՀ-ում և Արցախում իրավական պետության կառուցմանը»: