Թուրքիայի պետական աուդիտի ինստիտուտը, որն այս տարի հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Թուրգութ Օզալի մահվան գործով, հայտարարել է, որ նրա մահը կասկածեի է եւ կոչ է արել արտաշիրիմում կատարել հանգամանքները պարզելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը:
Պաշտոնական զեկույցներում Օզալի մահվան պատճառ է նշվում սրտի կաթվածը: Սակայն այս տարվա մարտին նախագահ Աբդուլա Գյուլի հրահանգով նոր հետաքննություն է սկսվել:
Հրապարակված զեկույցում նշված է, որ նախագահի մահը հանկարծակի էր, քանի որ նա չէր տառապում որեւէ քրոնիկ հիվանդությամբ: Նման դեպքերում նախագահի մահը կասկածելի է թվում: Բացի այդ, Օզալի մահվանից հետո դիահերձում չի կատարվել:
Օզալի մահվան հանգամանքները շարունակում են հակասական մնալ: Չնայած նրա անձնական բժիշկը մահվան պատճառ է նշել կաթվածը, սակայն նրա կինն ու երեխաները կարծում են, որ, հնարավոր է, նրան թունավորել են:
Թուրգութ Օզալը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1993 թվականներին:
