Սիրիայում ՄԱԿ դիտորդների առաքելությունը ուրբաթ այցելել է Ալ Քուբեյր` զանգվածային սպանությունների մասին հաղորագրությունը ստուգելու համար, սակայն չի հայտնաբերել ոչ մի բնակչի: Այս մասին ասվում է ՄԱԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հինգշաբթի առաքելության ղեկավար, նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել է, որ սիրիական բանակը և քաղաքացիները առաքելության ներկայացուցիչներին թույլ չեն տվել մտնել Ալ Քուբեյր, իսկ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ելույթ ունենալով Գլխավոր Ասամբլեայում, հաստատել է, որ դիտորնդների վրա կրակ են բացել:
Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ «դիտորդները չեն կարողացել խոսել գոնե մեկ մարդու հետ, ով ականտես է եղել չորեքշաբթի կատարված հարձակմանը»: ՄԱԿ դիտորդների առաքելությունը մոտակայքում հայտնաբերել է զրահատեխնիկայի թրթուրների հետքեր: «Որոշ տներ վնասվել էին հրթիռներից, նռնակներից և տարբեր տրամաչափի զենքի կրակոցներից»,-ասվում է փաստաթղում:
«Որոշ տների պատերին և հատակին երևում էին արյան հետքեր, զգացվում էր այրված դիերի հոտը: Դեռեւս պարզ չեն հանգամանքները, որոնք ուղեկցել են հարձակմանը, մինչ այժմ հաստատված չեն անունները, մանրամասները և սպանվածների թիվը: Դիտորդները շարունակում են փաստերի հաստատման վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Սիրիայի Ազգային խորհուրդը հայտարարել էր, որ կառավարական զորքերի կողմից չորեքշաբթի Ալ Քուբեյրում իրականացրած ջարդերի զոհ է գնացել նվազագույնը 78 մարդ, սակայն Սիրիայի կառավարությունը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները:
