Սերժ Սարգսյանն այսօր Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նգույեն Տան Զունգի, Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի և Ազգային Ժողովի նախագահ Նգույեն Շին Հունգի հետ:
Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ կապերի ամրապնդման համար՝ հայ-վիետնամական հարաբերությունները բարձրացնելով որակական նոր մակարդակի:
Վիետնամի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը քննարկել է տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վիետնամի կողմից միջկառավարական հանձնաժողովների ստեղծումը: Կարևորվել է նաև երկու երկրների շուկաների հնարավորությունների և պահանջարկի մասին տեղեկացվածության բարձրացման, Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման նպատակով գործարար համաժողովների, ցուցահանդեսների անցկացումն ու գործարարների միջև շփումների խթանումը:
Նկատի առնելով, որ և Հայաստանը, և Վիետնամը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են ու տնտեսական քաղաքականության մեջ առաջնորդվում են ընդհանուր շատ կանոններով՝ Նախագահ Սարգսյանը և Վիետնամի վարչապետն անդրադարձել են երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում փոխգործակցության զարգացմանն ու հայ-վիետնամական առևտրատնտեսական կապերի ամրապնդման հնարավորություններին:
Վարչապետ Նգույեն Տան Զունգը վստահեցրել է, որ Վիետնամի կառավարությունը կանի հնարավորը՝ կյանքի կոչելու Հայաստանի և Վիետնամի նախագահների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
